«Հայ-լեհական արշավախումբը սեպտեմբերի 1-ից վերսկսել է աշխատանքները Մեծամոր հնավայրի բնակատեղիի քաղաքային թաղամասում եւ արդեն իսկ հետաքրքիր փաստեր են արձանագրվել: Արշավախումբը շարունակել է բացված սենյակների ուսումնասիրությունը, բացվել են նորերը, հայտնաբերվել` թաղումներ, մարդկային կմախքներ, մեծ քանակությամբ մետաղյա գտածոներ (ֆիբուլաներ, նետասլաքներ, դանակներ, ապարանջաններ), որոնք նախնական դիտարկումներով թվագրվում են մ.թ.ա. 8-6րդ դդ.: Հայ-լեհական արշավախմբի համաղեկավար, Վարշավայի համալսարանի հնագիտության ինստիտուտի տնօրեն, դոկտոր, պրոֆեսոր Քշիշտոֆ Յակուբյակի խոսքով այդ են վկայում նաեւ նախորդ տարի Եվրոպայում իրականացված С 14 ռադիոածխածնային հետազոտությունների արդյունքները:
Հնագետները հետազոտում են բնակատեղիի փոփոխությունը ուշ բրոնզից մինչեւ Աքեմենյան ժամանակաշրջանը: Ք. Յակուբյակի խոսքով Մեծամորն այդ առումով կարեւոր նշանակություն ունի Արարատյան դաշտի բնակատեղիների շարքում:
«Մեծամորը վաղ երկաթի դարաշրջանում քաղաք է եղել եւ ավերվել է ուրարտացիների կողմից, հիմա թաղումներ են բացվում, գտածոներ են հայտնաբերվում եւ ավերածությունների փաստեր արձանագրվում: Դրանք հարստացնում են մեր պատկերացումներն Արգիշտի 1-ի եւ հետագա շրջանի ուրարտացիների` Մեծամորի վրա ունեցած ազդեցության մասին»,- ասել է Յակուբյակը:
Ներկայում ուսումնասիրվում են հնամարդաբանական նյութերը, իսկ հայտնաբերված օրգանական նյութերը (փայտածուխ եւ այլն), որոնք կարող են հստակ թվագրել մշակութային շերտերը, նախատեսվում է ուղարկել արտասահման` լաբորատոր հետազոտության:
Այս տարի արշավախմբի կազմում 25 հնագետ է, որոնց թվում`Վրոցլավի համալսարանի հնագիտության բաժնի ուսանող, Լիվերպուլի համալսարանի դոկտորանտ, Ֆ. Նանսենի անվան համալսարանի կրկնակի մագիստրոս եւ այլք:






























