Ես կարծում եմ, որ պետք է լուծարել այն անիմաստ մարմինը, որը Ազգային ժողով է կոչվում։ Այս մասին սեպտեմբերի 12-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է տնտեսագետ Բագրատ Ասատրյանը՝ ամփոփելով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման 1 տարին։
Նա նշեց, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունների ժամանակ տրամաբանությունից դուրս գործողություններ եղան։ «Թաղի խուժանը որոշող էր դարձել։ Իշխող խուժանը եթե որոշիչ դեր ունի, չես կարող փոփոխություն ակնկալել։ Ես կլարծում եմ, որ պետք է լուծարել այն անիմաստ մարմինը որը խորհրդարան է կոչվում, 10 հազարով ընտրված մարմնի վերջը սա է լինելու»,– ասաց տնտեսագետը։
Ասատրյանը վստահ է, որ Աժ–ն պիտի լինի քաղաքական մրցակցության վայր, ոչ թե խուժանի թիկունքով ընտրվածների։ «Այդ մրցակցային պայմանների ապահովումը այլ՝ այդ թվում տնտեսական մրցակցության հնարավորություն կտա։ Քաղաքական դաշտից դու՛րս բերեք այն անձանց, ովքեր բիզնեսով են զբաղվում։ Հայաստանը դատապարտված չէ այս կարճուղեղ մի խումբ մարդկանց ձեռքը, մենք կարող ենք ավելի լավ վիճակում լինեկ։ 25-30 տարի առաջ մեծ ձգտումներով հասարակություն ենք եղել։ Հիմա պաշտոնյաները միայն ուզում են ցույց տալ, թե լոխ լավ է»,– ընդգծեց տնտեսագետը։
Ասատրյանը բերեց հարեւան Վրաստանի օրինակը։ «Աչքի առաջ մենք ունենք հարեւան երկրի օրինակը։ Շատ կարճ ժամանակահատվածում՝ 10-15 տարում, Վրաստանում նոր վիճակ ստեղծվեց։ Նա 1990-ականներին կոռուպցիոն ավելի վատ վիճակում էր։ Այնտեղ քաղաքական մտածելակերպի փոփոխություն կա։ Իսկ մեր իշխանությունները չեն ուզում որեւէ խնդիր լուծել։ Իսկ քաղաքական հատվածը աղբով լցնել, որ հանկարծ մի բան չլինի։ Ամոթ չի՞ սենց խորհրդարան ունենալ՝ առաջին դեմքից սկսած մինչեւ վերջինը նայեք»,– ասաց մասնագետը։
Անդրադառնալով պետական ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարին՝ Բագրատ Ասատրյանը նշեց. «Կոռուպցիան այս իշխանության էությունն է, ո՞նց կպայքարես։ Առանց կոռուպցիայի այս իշխանությունը կփլվի։ Մեր երկրում իշխանությունը ոչ մի բանի համար պատասխանատու չէ։ Կա իշխող ուժ, կա իրական տնտեսական վիճակ։ Վերցնենք վերջին տասնամյակը։ Մեր տնտեսական կյանքում միայն բացասական միտումներ են եղել։ Աղքատության մակարդակի, արտագաղթի ծավալների աճ։ Նման պարագայում իշխող ուժը բացասական գնահատական պիտի ստանար, սակայն իշխանությունը ընտրություններում միյան հաջողությունների է հասնում։ Ինչո՞ւ ոչ ոք չի դնում հարցը, թե ինչու առաջ քաշված խնդիրները չեն լուծվում։ Որովհետեւ իրար մեջ որոշում են, որ կարելի է վարչապետ փոխել, այսպես ասած՝ ախպեր ջան քաշվի կողմ, մի քչ էլ մենք նստենք։
Օրինակ բերեմ. 1980-ականներին կոմունիստական երկիրը հասել էր մառազմի, փողոցում սով էր, բայց երկիրը առաջընթացի մասին էր խոսում։ Հիմա իշխանությունները այդ մոդելով են առաջ շարժվում։ Այն ժամանակ էլ կոմունիստները վերարտադրվում էին 99.9 տոկոսով»,– ասաց Ասատրյանը։




























