Լեռնային Ղարաբաղը միջազգային ճանաչման շատ լուրջ փուլում է։ Այս մասին սեպտեմբերի 12-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ 2016-ի ապրիլյան իրադարձություններից հետո հայկական կողմի մոտիվացիան զգալի աճել է։ «Այն ուժեղանում է օր օրի։ Կարեւոր է սահմանել Ղարաբաղի անկախությունը եւ աշխարհին ապացուցել մեր դիրքորոշման ճշմարտացիությունը։ Երկրորդը, ինչը պակաս կարեւոր չէ, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի դիրքորոշումը սկսել է գործել»,– պարզաբանեց Գրիգորյանը՝ հավելելով, որ ի տարբերություն 1990-ականների՝ Ղարաբաղի եւ նման խնդիրների շուրջ իրավիճակը զգալի փոխվել է դրական առումով։

Իր բառերը փորձագետը հիմնավորեց Կոսովոյի, Հարավային Սուդանի, էրիթրեայի օրինակով։ Ընդ որում, նա դրական է գնահատում ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում ԱՄՆ դիրքորոշման ակտիվացումը։ «Դա մեզ շանսեր է տալիս, քանի որ այս հարցի լուծման մեջ մեկ խաղացող չի լինի, որը կորոշի ելքը»,– վստահ է փորձագետը։

Գրիրգորյանի կարծիքով հայկական կողմի համար դրական է նաեւ միջազգային հարթակում Թուրքիայի եւ Ադրբեջանի իմիջի նշանակալի թուլացումը։ «Դրա համար մենք պետք է շնորհակալ լինենք Ալիեւին եւ Էրդողանին։ Ես անգամ մտածում եմ, որ չէր խանգարի նրանց պաշտոնապես շնորհակալություն հղել։ Դա ուղղակի վարկանիշի լրջագույն անկում է միջազգային հարթակում»,– եզրափակեց Ստեփան Գրիգորյանը։