Հայաստանի քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունները կօգնեն պարզություն մտցնել հարեւանների հետ ընդհանուր գույքի հարցերում։ Այս մասին սեպտեմբերի 12-ին ԱԺ–ում ասել է արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը՝ ներկայացնելով Քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը։
Այդ լրացումները կօգնեն գոնե մոտավորապես պատասխան գտնել այն հարցերին, թե ով ինչ իրավունք ունի ընդհանուր ցանկապատի կամ պատի, ծառի նկատմամբ։
Փոխնախարարի խոսքով՝ ինչ–որ մեկի կարծիքով դա պարզունակ կենցաղային խնդիր է։ Սակայն նման վեճերը ամիսներով շարունակվում են, իսկ Երեւանում՝ իր դատարանների ծանրաբեռնվածությամբ, տարիներ են տեւում։ «Տալով գոնե հիմնական հարցերի պատասխանները՝ մենք կկրճատենք նման վեճերի թիվը»,– վստահեցրեց Հովհաննիսյանը։
Օրինակ, եթե խոսքը ծառերի մասին է, որոնց արմատները կամ ճյուղերը տարածվելով հասել են հարեւանին եւ խանգարում են, ապա պետք է այդ մասին ասել հարեւանին։ Եթե նա ոչ մի քայլ չի ձեռնարկում, ապա թույլատրվում է դրանք կտրել իր սեփականության հատվածում։



























