Այսօր՝ ողջ օրվա ընթացքում Լոռու մարզի Արդվի համայնքում գյուղի ակտիվ երիտասարդներն ու մայրաքաղաքից ժամանակ բնապահպանները համատեղ ուժերով լծվել են գյուղի հարակից տարածքում նախատեսված հանքը գործարկել ցանկացողների կողմից բացված փոսերի փոսալցման աշխատանքներին:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում գյուղի ակտիվիստներից Սուրեն Կիրակոսյանը նշեց, որ բացված փոսագծերը լցնելու գաղափարը գյուղացիներինն է, որոնք մշտական կապի մեջ լինելով բնապահպանների հետ, վերջիններիս եւս տեղեկացրել էին իրենց մտադրության մասին:

«Իմանալով, որ որոշել ենք փակել հանքափորներից կողմից ապօրինի բացված փոսերը, բնապահպանները որոշեցին միանալ մեզ»,- ասում է Սուրենը:

Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղների հանքերեւակումը գտնվում է ՀՀ Լոռու մարզի կենտրոնական մասում Լեջան-Լալվար լեռնաշղթայի հարավային լանջին, Մղարթ գյուղից 3.2կմ դեպի հյուսիս-հյուսիս-արեւմուտք, Հովնանաձորից 2.9կմ դեպի արեւելք: Հանքերեւակման տեղամասը ընդգրկում է Մղարթի  54հա եւ Արդվիի 146հա տարածք : Մոտակա բնակավայրերն են` Մղարթ, Արդվի, Հովնանաձոր, Յաղդան Կողես, Օծուն գուղերը:

Նշենք, որ հանքը գործարկել ցանկացող «Միռամ» ՍՊԸ-ն  հուլիսի 26-ին նախատեսել էր թեմայի հետ կապված  գյուղացիների հետ  հանրային քննարկում իրականացնել Արդվիի համայնքապետարանում:  Քննարկումը, սակայն այդպես էլ տեղի չունեցավ. վաղ առավոտից արդվեցիները, Հայաստանի տարբեր շրջաններից ու մայրաքաղաքից ժամանած բնապահպաններն ու աջակիցները փակեցին գյուղ տանղ ճանապարհը, այդպիսով չթողնելով ընկերության ներկայացուցիչներին հասնել հանդիպման վայր:

Օգոստոսի 2-ին Արդվի համայնքում գումարված ավագանու արտահերթ նիստին էլ  համայնքի ավագանին մերժվեց  Արդվիի վարչական տարածքից 147 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրը երկրաբանական ուսումնասիրությունների նպատակով «Միռամ» ընկերությանը ներկայացնելու համայնքի ղեկավարի առաջարկը: