ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունել է պաշտոնական Թբիլիսիի առաջարկած Աբխազիայից ու Հարավային Օսիայից փախստականների կարգավիճակի մասին բանաձեւը։ Փաստաթղթին կողմ են եղել 48 պատվիրակություններ, 19 պատվիրակություն դեմ է քվեարկել, իսկ 78 երկրների ներկայացուցիչներ ձեռնպահ են մնացել։

Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը, փաստաթղթի նախագիծը վրացական պատվիրակության կողմից ՄԱԿ-ի ԳԱ 63-րդ նստաշրջանում ներկայացվել է օրակարգի «Ձգձգված հակամարտությունները ՎՈՒԱՄ (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) տարածքում եւ դրանց ունեցած հետեւանքները միջազգային խաղաղության, անվտանգության ու զարգացման վրա» կետի համաձայն։

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին ողջունել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ընդունած փաստաթուղթը։ «Դա շատ էական ու կարեւոր բանաձեւ է, որն ամրագրում է փախստականների ու բռնի տեղահանվածների իրենց հարազատ բնակավայրեր վերադառնալու իրավունքը, դատապարտում է էթնիկ զտումներն ու Վրաստանի նկատմամբ Ռուսաստանի կիրառած բռնությունը»,- հայտարարել է Սահակաշվիլին։ «Բացի այդ, սույն փաստաթուղթը ճանաչում է այն մարդկանց սեփականության իրավունքը, որոնք ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի տակ ստիպված են եղել թողնել իրենց հայրենի տները Աբխազիայում ու Հարավային Օսիայում»,- ընդգծել է նա։ Ըստ Սահակաշվիլու, «սա առաջին բանաձեւն է, որը ՄԱԿ-ի ԳԱ-ն ընդունել է՝ ի պաշտպանություն Վրաստանի, վրաց-ռուսական պատերազմի թեժ փուլից հետո»։

Իր հերթին, ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը սուր քննադատության է ենթարկել այդ բանաձեւը։ Նա ընդգծել է, որ «Գլխավոր ասամբլեայի ուշադրությանը ներկայացված բանաձեւի նախագիծը ոչ մի ընդհանուր բան չունի մարդասիրական բարձրագույն այն նպատակների ու հոգածության հետ», որոնց մասին ավելի վաղ խոսել է ՄԱԿ-ում Վրաստանի մշտական ներկայացուցիչը։