Այն հուսադրող թվերը, որոնք հրապարակեց Հայաստանի կառավարությունը, պետք է ոչ միայն թղթի վրա գրված, այլեւ շոշափելի լինեն։ Սեպտեմբերի 15-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, այս մասին ասաց «Ազատ դեմոկարտներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ հայ ժողովուրդն այդպես էլ սեփական մաշկի վրա չզգաց այն դրական փոփոխությունները, որոնց մասին հայտարարում է կառավարությունը։
Դրա վառ ապացույցն են արտագաղթի մեծացող տեմպերը։ «Միայն 2016-ին Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, որն ամբողջական պատկերը չի արտացոլում, 24 հազար արտագաղթած քաղաքացի ունենք»,-ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ արտերկիր աշխատանքի մեկնողների եւ երկիրը լքողների միջեւ թվային հարաբերակցությունն աճել է։
Նրա խոսքով՝ աշխատանքի նպատակով արտերկիր են մեկնում արտագաղթողների 47 տոկոսը։ Նա նաեւ նշեց, որ երկրում արագ տեմպերով շարունակում է աճել աղքատությունն ու հասարակության շերտերի միջեւ սոցիալական տարբերությունը։ «Այսպես,աղքատությունը մեր երկրում շարունակում է բարձր մակարդակում մնալ եւ մոտ 30 տոկոս է կազմում։ Իսկ արտաքին պարտքի մասին, թվում է, բոլորն են խոսում։ 600 մլն դոլար աճ է արձանագրվել»,-եզրափակեց ընդդիմադիրը։



























