Ֆրանսիայի քաղաքացիների գրեթե կեսը՝ 46 տոկոս, կողմ է միգրանտների համար երկրի սահմանները փակելուն: Այս մասին հայտնել է France Presse-ը՝ վկայակոչելով հասարակական կարծիքի հարցման արդյունքները, որն անցկացրել է Ipsos սոցիոլոգիական ծառայությունը:
Ըստ հարցման արդյունքների՝ ֆրանսիացիների 53 տոկոսը կարծում է, որ «երկրում միգրանտները չափից ավելի շատ են»: Սա 2016 թվականի ցուցանիշից ավելի փոքր է, երբ նման կարծիք էր հայտնել 57 տոկոսը, սակայն ավելի մեծ է, քան մյուս երկրներում, որտեղ նման կարծիքին համաձայն է 48 տոկոսը: «Ֆրանսիան այն երկրների թվում է, որոնք ավելի բացասաբար են վերաբերվում մգրանտներին ընդունելուն»,- հարցման արդյունքները մեկնաբանել է Ipsos-ի ներկայացուցիչ Իվ Բարդոնը:
Սոցիոլոգիական ծառայության տվյալներով՝ հարցվածների 61 տոկոսը կարծում է, որ Ֆրանսիա ժամանող փախստականների մեծ մասը, այսպես կոչված, տնտեսական միգրանտներն են: 75 տոկոսը հայտարարել է, որ վախենում է փախստականների հետ երկրի տարածք ահաբեկիչների ներթափանցումից:
Հետազոտությունն անցկացվել է հունիսի 24-ից հուլիսի 8-ը 25 երկրներում, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում եւ Թուրքիայում: Հարցմանը մասնակցել է 16-ից մինչեւ 64 տարեկան մոտ 18 հազար մարդ:




























