Ֆրանսիայի ազգային ոստիկանության գլխավոր վարչությունը նախազգուշացրել է ամբողջ Եվրոպայի երկաթգծերում ահաբեկչությունների սպառնալիքի, նաեւ անտառային հրդեհներ կազմակերպելու եւ սննդամթերքը թունավորելու՝ ծայրահեղականների ծրագրերի մասին։ Այս մասին հայտնում է Le Parisien թերթը՝ վկայակոչելով գերատեսչության գաղտնի փաստաթուղթը, որը հայտնվել էր իր տրամադրության տակ։

Յոթ էջանոց զեկույցը, պարբերականի տվյալներով, նախապատրաստվել էր սեպտեմբերի սկզբին։ «Հատուկ ուշադրություն է պետք հատկացնել գնացքների երթեւեկության տարածքում ներխուժման կամ ահաբեկչության փորձին առնչվող ցանկացած տեղեկության»,- ասվում է փաստաթղթում։

Այնտեղ նաեւ ասվում է, որ Ֆրանսիայում ահաբեկությունների հավանականությունը շատ բարձր է , այդ իսկ պատճառով ֆրանսիացի իրավապահները ծրագրում են վերանայել հակաահաբեկչական ծրագիրը՝ հաշվի առնելով նոր իրողությունները։

Թերթի տվյալներով՝ նոր հարձակումների սպառնալիքները հաշվի առնելով՝ որոշվել է ուժեղացնել երկաթգծային ճանապարհների, դպրոցների, համալսարանների ու զբոսաշրջային օբյեկտների հսկողությունը։ Ազգային ոստիկանության գլխավոր վարչությունը նաեւ հիշեցրել է ավտոմեքենաների վրա հարձակումների հնարավորության մասին ու կոչ է արել «անհապաղ հայտնել ցանկացած կասկածելի վարքագծի» ու «փոխադրամիջոցների ցանկացած առեւանգումների մասին»։