Սլովակիայի արեւմուտքում մեկ մարդ է զոհվել, երկուսն էլ ծանր վիրավորում ստացել միաշարժիչ օդանավի վթարի հետեւանքով։ Այս մասին հայտնել է երկրի «Շտապ օգնության» ծառայության ներկայացուցիչ Յոզեֆ Մինարը։

Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 16-ին, Պրյեվիջա քաղաքի աէրոդրոմում բաց դռների շրջանակում ցուցադրական ավիաթռիչքների ժամանակ։ Հանդիսատեսների աչքի առաջ վթարի է ենթարկվել Zlín Z-37 Čmelák գյուղատնտեսական ավիացիայի միաշարժիչ օդանավը։ «Վթարի հետեւանքով օդանավում գտնվող մարդկանցից մեկը զոհվել է, երկուսը ծանր վիրավորում են ստացել ու ուղղաթիռով տեղափոխվել հիվանդանոց, նրանցից մեկը կին է»,- նշել է Մինարը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։