Հյուսիսային Կորեայի շուրջ հակամարտությունը հնարավոր չէ կարգավորել առանց երեք երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Չինաստանի համագործակցության։ Այս մասին սեպտեմբերի 17-ին հայտնել է Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը՝ Չինաստան կատարած այցելության ժամանակ։ Նրա խոսքը մեջբերում է DPA գործակալությունը։

«Առանց այդ երեք երկրների համագործակցության մենք խնդիրը չենք լուծի»,- ասել է Գաբրիելը։ Նա կոչ է արել միջազգային հարաբերություններում գործարկել «լարվածության թոթափման նոր քաղաքականություն»։

ԿԺԴՀ շուրջ հակամարտությունը կարգավորելու համար, նրա կարծիքով, անհրաժեշտ է «պատժամիջոցների ու դիվանագիտական առաջարկությունների համադրություն»։ Գաբրիելը նախազգուշացրել է, որ ԿԺԴՀ օրինակը կարող է վարակիչ դառնալ ու հանգեցնել նրան, որ «մյուս պետություններն էլ կձգտեն ձեռք բերել միջուկային զենք»։

«Մեր հարեւան պետությունները, Աֆրիկայում, այդ ժամանակ կասեն՝ «Տեսեք, դա հնարավոր է»։ Աշխարհը տեսնում է, ու ոչինչ տեղի չի ունենում»,- նշել է Գերմանիայի ԱԳ նախարարը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։