Արցախի էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պահպանության վարչության նախաձեռնությամբ սեպտեմբերի 16-ին, Հադրութի շրջանի Տող գյուղում կայացել է արցախյան գինու չորրորդ փառատոնը, հաղորդում է «Արցախպրեսը»։
Փառատոնի ծրագրի շրջանակներում ցուցադրվել են հայկական գինեգործության հնագույն ծիսակատարություն, արցախյան ավանդական ուտեստների հյուրասիրություն, արվեստի գործերի ցուցահանդես-վաճառք:
«Տողի Մելիքական ապարանք» պետական պատմամշակութային արգելոցում ստեղծվել են առանձին գինեգործական տաղավարներ, գինու սրճարաններ՝ երաժշտական փոքր ներկայացումներով: Բացի այդ, առաջին անգամ արգելոցի ողջ տարածքում կազմակերպվել են էքսկուրսիաներ:
Կայացել է նաեւ «Տողի ապարանքի գանձերը» խորագրով ցուցահանդես, որտեղ ցուցադրվել են հնագիտական պեղումների ընթացքում եւ նվիրատվությունների արդյունքում հավաքագրված բացառիկ իրեր:
Իսկ միջոցառմանը ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառքում ներկայացվել են արցախյան վարպետների կողմից պատրաստված հուշանվերներ, արցախյան գորգեր եւ զարդեր, կավե ամանեղեն։
Բացման հանդիսավոր արարողությունն ազդարարվել է Հադրութ քաղաքի եկեղեցու քահանա Տեր Մատթեոս Դրավունցի ձեռամբ կատարված խաղողօրհնեքի արարողությամբ, հատուկ փառատոնի համար նախատեսած տաշտում խաղողի ճզմման ծիսակատարությամբ եւ նախորդ տարվա արարողությունից ստացված գինու շշալցմամբ: Այնուհետեւ փառատոնի մասնակիցները շրջել են տաղավարներով եւ ծանոթացել ներկայացված գինու տեսականիների հետ:
ԱՀ էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Շահվերդյանն ասել է. «Այս փառատոնը համարում եմ բացառիկ, ավելի քան 20 գինեգործական ընկերություններ են մասնակցում, որոնցում մեծ թիվ են կազմում ՀՀ-ից ժամանածները. ունենք 30 տաղավարներ: Միջոցառումը նպատակ էր հետապնդում մեկ անգամ եւս հանրահռչակել Տողի մելիքական ապարանքը՝ որպես Արցախում պետական իշխանության շարունակականության խորհրդանիշ. այն ապահովում է նաեւ զբոսաշրջության հարավային երթուղու զարգացումը։ Բացի այդ, նպատակ ունենք նաեւ Արցախում խթանել գինեգործության զարգացումը»։ Նրա խոսքով, յուրաքանչյուր գինեգործ իր ապրանքներն առաջարկում է իր կողմից սահմանված գնով. այս առումով ոչ մի սահմանափակում չկա:
Փառատոնին ներկա են եղել Բելգիայից, Էստոնիայից, Լատվիայից, Լիտվիայից, Մեծ Բրիտանիայից եւ Լեհաստանից պատվիրակներ, որոնք ներկայացնում են գինու վաճառքով զբաղվող տարբեր ընկերություններ:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի միջազգային բաժնի պետ Լիանա Աբելյանն ասել է, որ օտարերկրյա պատվիրակներն Արցախ են ժամանել՝ տեղի կազմակերպությունների հետ համագործակցություն հաստատելու եւ արցախյան արտադրանքը արտահանելու համար:
«Մենք որոշել ենք, որպեսզի Արցախն էլ ներգրավենք գինեգործության աշխատանքներին, քանի որ Արցախում արագ քայլերով զարգանում է գինեգործությունը»,- նշել է Լ. Աբելյանը:
Միջոցառմանը ներկա էին ԱՀ վարչապետի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, ԱՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք, գինեգործներ ԱՀ-ից եւ ՀՀ-ից, հյուրեր, օտերերկրյա զբոսաշրջիկներ եւ այլք:







































