Հայաստանը հարյուրամյակներ շարունակ պետականություն չի ունեցել, եւ սա բացասաբար է ազդել նրա քաղաքական մշակույթի ու նույն քաղաքական տարածքում շփման մշակույթի վրա: Սեպտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ հայտնեց Հայաստանի կառավարման պետական ակադեմիայի Կառավարման հոգեբանություն ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռուբեն Ագուզումցյանը:

Փորձագետի խոսքով՝ ցանկացած մարդ իր ջանադիր, արդյունավետ եւ ակտիվ աշխատանքի շնորհիվ զարգանալու եւ կարիերայի սանդուղքով աճելու հնարավորություն է ունեցել: «Եվ այս բարձրացումը բերել է նրան, որ նա սկսել է մարդկանց ղեկավարել: Նա հոյակապ ինժեներ է եղել եւ հրաշալի է կատարել իր վրա դրված պարտականությունները: Սակայն նրան ոչ մեկը չի սովորեցրել, թե մարդկանց ինչպես ղեկավարել»,- պարզաբանեց Ագուզումցյանը: Ամբիոնի վարիչը նշեց, որ անկախության տարիներին այս փորձը կորցրել ենք: