Հայաստանից արտագաղթող նոր սերունդը ցանկանում է կապերը խզել Հայաստանի հետ, որովհետեւ նեղացած ու հուսահատված է հեռանում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Կիպրոսի հայ եկեղեցու առաջնորդ գերաշնորհ Տեր Խորեն արքեպիսկոպոս Տողրամաճյանը, որը մասնակցումէ Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին:

«Առաջին անգամ չէ, որ մասնակցում եմ Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին, անշուշտ, այս տարվա համաժողովին ավելի շատ մարդ է մասնակցում՝ թվով եւ որակով ավելի է մյուս տարիների համեմատ: Ես ուզում եմ նաեւ նշել, որ պետք է ավելի գործնական լինել, առաջինն անհրաժեշտ է Հայաստան-Սփյուռք համագործակցությունը, կարեւոր է նաեւ սփյուռքի դերակատարությունը: Այսօր նաեւ սփյուռքն է մաշվում, նաեւ Հայաստանից արտագաղթող նոր սերունդը: Դժբախտաբար, հուսահատությունը, անտարբերությունը, հայերից ու Հայաստանից իրենց հեռու պահելու ցանկություն ենք տեսնում նրանց մոտ՝ նեղացած ու դժբախտացած, կարծես ուզում են իրենց կապերն ամբողջությամբ Հայաստանի հետ խզել»,-ասաց նա:

Գերաշնորհ Տեր Խորեն արքեպիսկոպոս Տողրամաճյանի խոսքով, այս համաժողովներն անհրաժեշտ են նրա համար, որպեսզի հնարավոր լինել օգտվել բոլոր այն առաջարկներից որոնք արվում են. «Աղաչանքս այն է, որպեսզի մեր սիրելի երկիրը չպարպեն, մեզ շատերն են ասում, եթե այդքան սիրում եք, եկեք դուք էլ ապրեք, ժամանակը կգա, մենք էլ կգանք՝ ամեն մեկս մեր առաքելությունն ունենք տարբեր երկրներում»: