Առաջիկա տասնամյակներում ստիպված ենք ապրել այն պայմաններում, երբ նյութական եւ մարդկային ռեսուրսներով Ադրբեջանը մեզ գերազանցում է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի շրջանակում կայանալիք «Ազգ-բանակ». հավաքական ներուժի զարգացման մոդել» թեմայի քննարկման ժամանակ ասաց «ԱրԱր» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի խորհրդի նախագահ, «ՄըքՔինսի ընդ Քոմփանի» («McKinsey&Company») խորհրդատվական ընկերության  գործընկեր Ավետիք Չալաբյանը:

«Ադրբեջանի նյութական միջոցները 2011-2016թթ. յոթ անգամ գերազանցել է Հայաստանին: Վերջին մեկ տարում յոթը նվազել է մինչեւ երեքի, դա էլ կապված է նավթի գնի հետ: Մենք կարող ենք պակասեցնել այդ թիվը. Ադրբեջանի տնտեսությունը դանդաղ է զարգանում, եւ Հայաստանը կարող է դրանից օգտվել՝ արագ տեմպերով զարգացնելով տնտեսությունը: Երկրորդ խնդիրը մարդկային ռեսուրսների հարաբերակցությունն է. Ադրբեջանում 4 անգամ ավելի շատ տղա է ծնվում, քան Հայաստանում, այսինքը 1-ը 4-ի հարաբերակցությամբ: Սա շատ լուրջ խնդիր է եւ նշանակում է, որ առաջիկա տասնամյակներում ստիպված ենք ապրել այս պայմաններում, երբ նյութական եւ մարդկային ռեսուրսներով Ադրբեջանը մեզ գերազանցում է»,- ասաց նա:

Թե ինչ պետք է անել, հասարակական կազմակերպության նախագահն առաջարկում է աշխատել հետեւյալ 4 ուղղություններով. «Եթե մեր մարդկային ռեսուրսը սահմանափակ է, պետք է այն լինի բարձրորակ, այսինքն բարձրորակ ժամկետային զինծառայողներ եւ սպաներ: Երկրորդ, բանակի կողքին պետք է կանգնած լինի մարդկային եւ նյութական ռեզերվային ռեսուրսներ: Երրորդ, ռազմական տեխնոլոգիաներ պետք է ապահովել: Չորրորդ, զինծառայողները պետք է սոցիալապես եւ ֆիզիկապես պաշտպանված լինեն»: