Արտասահմանյան 6 ընկերություններ հայտարարել են Ադրբեջանում մասնաճյուղերի եւ դուստր ընկերությունների լուծարման մասին: Դրանք բոլորը հիմնադրվել են 2013-2016 թվականներին, նշված է Հարկային նախարարության հաղորդագրության մեջ, փոխանցում է contact.az-ը:

Obermeyer Project Management GmbH ընկերությունը (Գերմանիա) Բաքվում մասնաճյուղ էր բացել 2013 թվականին: Մեկ տարի առաջ այն հաղթել էր նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակման եւ Գույքի հարցերով պետական կոմիտեի նոր վարչական շենքի շինարարական աշխատանքների խորհրդատվական ծառայությունների մրցույթում: Պայմանագրերի արժեքը 2 մլն 598,7 հազար մանաթ էր կազմում:

Գերմանական մեկ այլ՝ Heidelberg Cement AG ընկերությունն Ադրբեջանում իր մասնաճյուղը բացել էր ադրբեջանական խոշորագույն հոլդինգի հետ գործընկերութան մասին համաձայնագիր ստորագրելուց հետո: Այն 50 տոկոս բաժնեմաս էր ստանում շինարարաարտադրական Akkord կորպորացիայի «Գազախսկոմ» ցեմենտի գործարանից: Այս համաձայնագրից հետո գործարանի հիմնադիր կապիտալը հասել էր մինչեւ 800 մլն մանաթի: Մասնաճյուղի փակման պատճառների մասին առայժմ չի հաղորդվում:

Փակվում են նաեւ Tech Offshore Marine Azerbaijan ԲԲԸ-ն, Tech Electrics and Automation Azerbaijan ԲԲԸ-ն, Compass Offices Management Azerbaijan Limited ԲԲԸ-ն եւ Compass Delelopment Holdings VII Limited ընկերության մասնաճյուղը: