Հաիթիում հոկտեմբերից մոլեգնող խոլերայի համաճարակի զոհերի թիվն անցել է 2,2 հազարից, հիվանդությունը տարածվել է երկրի բոլոր նահանգներում, հաղորդում է Հաիթիի առողջապահության նախարարությունը: Ավելի վաղ խոսվում էր 2 հազար 120 զոհերի մասին:
Գերատեսչության տվյալներով Հաիթիում դեկտեմբերի 13-ի դրությամբ, արձանագրվել է վարակման 103 հազար 347 դեպք:
Խոլերան որոշ դեպքերում մահացու ելք է ունենում վարակման հենց առաջին ժամերին: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կանխատեսումներով ` հիվանդների թիվը կարող է հասնել 400 հազարի:
Համաճարակն սկսվել է հոկտեմբերի կեսերին: Ֆրանսիացի համաճարակաբան Ռենո Պյարուն հայտարարել է, թե համաճարակի օջախը գտնվել է Նեպալից ժամանած ՄԱԿ-ի խաղաղարարների ճամբարում:




























