Հայաստանի կառավարությունը 2009 թ. թույլ էր տվել Ոսկեվազի գինու գործարանին՝ Վրաստանից ներմուծված գինենյութի համար օգտագործել «ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմը։ Գինենյութը գործարանին հարկավոր էր գինի պատրաստելու եւ Ռուսաստան արտահանելու համար։
Սակայն ներմուծված հումքը վերամշակման փուլում ենթարկվել է մանրեակենսաբանական փոփոխության, որի արդյունքում իջել են որակական ցուցանիշները, իսկ գործարանը չի կարողացել սահմանված ժամկետում արտահանում կազմակերպել:
Հումքի որակը վերականգնելու եւ բարձրորակ արտադրանք արտահանելու համար պահանջվում է լրացուցիչ ժամանակ, ուստի ընկերությունը դիմել է կառավարությանը՝ երկարաձգել մաքսային ռեժիմով սահմանված ժամկետը: Այլապես ընկերությունը կարող է կանգնել սնանկության առջեւ՝ կորցնել աշխատատեղեր, չկատարել բյուջեի առջեւ ստանձնած պարտավորությունները։
Այս հանգամանքները ամենայն հավանականությամբ կդրդեն կառավարությանը՝ երկարաձգել մաքսային ռեժիմի գործողության ժամկետը։ Սակայն հարց է առաջանում՝ որքանո՞վ նպատակահարմար է օժանդակել այն գինեգործարանին, որը գինի է ստանում ոչ թե հայ գյուղացիներից խաղող մթերելով, այլ հարեւան երկրից պատրաստի, այն էլ՝ անորակ գինենյութ ներմուծելով։




























