ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Ղրղըզստանի վարչապետ Սափար Իսակովին: Կարեն Կարապետյանը շնորհավորել  է գործընկերոջը՝ պաշտոնի ստանձնման կապակցությամբ եւ  հետագա հաջողություններ մաղթել։ Նա վստահություն  է հայտնել, որ  երկու ժողովուրդների ավանդական բարեկամական հարաբերությունները լավ հիմք են՝ քաղաքական երկխոսության ընդլայնման, փոխշահավետ տնտեսական նախագծերի իրականացման համար:

Վարչապետը նկատել է, որ թեեւ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալները մեծ չեն, սակայն առկա է դրական դինամիկա եւ այն  զարգացնելու ներուժ:  «Այդ դրական դինամիկան պետք է խթանել, այդ թվում՝ միջկառավարական հանձնաժողովի գործունեության միջոցով: Անկասկած, թե՛ Հայաստանում, թե՛ Ղրղըզստանում կան հեռանկարային նախագծեր, որոնք հնարավոր է իրականացնել համատեղ եւ որոնք երկուստեք  փոխշահավետ կարող են լինել», -ասել է վարչապետը:

Ղրղըզստանի վարչապետ Սափար Իսակովն իր հերթին փոխգործակցությունը սերտացնելու պատրաստակամություն է հայտնել՝ նկատելով, որ երկու երկրների միջեւ առկա տնտեսական հարաբերությունները չեն համապատասխանում քաղաքական երկխոսության մակարդակին։  «Մեր կողմից մենք լիովին պատրաստ ենք աջակցել երկկողմ տնտեսական փոխհարաբերությունների զարգացմանը»,-ավելացրել է Ղրղըզստանի վարչապետը։

Երկուստեք նշվել է, որ եվրասիական ինտեգրացիոն գործընթացներում փոխգործակցությունը, այդ շրջանակում համաձայնեցված մեխանիզմների  կիրառումը թույլ կտա ավելի հարստացնել հայ-ղրղըզական հարաբերությունները։

Զրուցակիցները կարեւորել են նաեւ  տնտեսական զարգացմանը միտված գործընթացներում ձեռք բերված փորձի փոխանակման անհրաժեշտությունը։