Իսպանիայի Սահմանադրական դատարանը հիմնական օրենքին հակասող է ճանաչել մի քանի օրենքներ, որոնք Կատալոնիայի նախկին իշխանություններն ընդունել էին հոկտեմբերի 1-ին հանրաքվեի անցկացման մասին, եւ դրանք անվավեր է համարել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մասնավորապես՝ խոսքը Կատալոնիայի կառավարության սեպտեմբերի 6-ի հանրաքվեի անցկացման մասին դեկրետի  եւ Կատալոնիայի խորհրդարանի ընտրական հանձնաժողով ստեղծելու բանաձեւի մասին է:

«Հիշատակված նորմերից յուրաքանչյուրը Սահմանադրությանը չի համապատասխանում…նույն կերպ եւ, այսպես կոչված, հանրաքվեի մասին օրենքը, որը Սահմանադրական դատարանի հոկտեմբերի 17-ի որոշմամբ հակասող է ճանաչվել»,- նշված է փաստաթղթում:

ՍԴ-ն հոկտեմբերի 17-ին անօրինական էր ճանաչել Կատալոնիայի խորհրդարանի ընդունած հանրաքվեի մասին օրենքը:

Դրանից բացի, ՍԴ-ն ուրբաթ մերժել է Կատալոնիայի արդեն ազատված կառավարության հայցը Իսպանիայի Սենատում Սահմանադրության 155 հոդվածի կիրառման հարցով քվեարկություն անցկացնելու մասին, որը երկրի կառավարությանը թույլ է տվել ինքնավար համայնքում Մադրիդի ուղիղ կառավարում հաստատել: Այս հայցը ներկայացվել էր հոկտեմբերի 27-ին: