Հայաստանը շահագրգռված է Հնդկաստանի հետ խորացնելու հարաբերությունները բոլոր ոլորտներում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3-ին, Հնդկաստանի կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման սկզբում վարչապետ Մոդին շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին այցի հրավերն ընդունելու եւ համաժողովին մասնակցելու համար` հույս հայտնելով, որ Նախագահ Սարգսյանի այցը նոր խթան կհաղորդի հայ-հնդկական հարաբերություններին եւ կբարձրացնի դրանք նոր մակարդակի: Վարչապետը նշել է, որ եվրասիական տարածքում Հայաստանը հանդիսանում է Հնդկաստանի վստահելի եւ կարեւոր գործընկերը: Նրա խոսքով, հայ վաճառականները առաջիններից էին, որ եկան Հնդկաստան եւ խթանեցին առեւտրային կապերը Հնդկաստանի ու տարբեր երկրների միջեւ:
Հնդկաստանի վարչապետը շնորհավորել է Նախագահ Սերժ Սարգսյանին Հայաստանում հաջողությամբ կայացած սահմանադրական փոփոխությունների արդյունքում խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու, ինչպես նաեւ խորհրդարանական ընտրություններում ՀՀ Նախագահի գլխավորած Հանրապետական կուսակցության տարած հաղթանակի կապակցությամբ:
Հանրապետության Նախագահը նշել է, որ շնորհակալությամբ է ընդունել հրավերը եւ ուրախ է Հնդկաստանի նման հրաշալի երկրում գտնվելու համար: Սերժ Սարգսյանն իր տպավորություններն է ներկայացրել առավոտյան բացված Հնդկաստանի պարենի համաշխարհային համաժողովից եւ ցուցահանդեսից: Նախագահն ընդգծել է, որ հիացած է աշխարհի ամենաարագ զարգացող տնտեսություններից մեկը համարվող Հնդկաստանի հաջողություններով` հատկապես սննդարդյունաբերության բնագավառում գրանցած առաջընթացով եւ ընդգծել, որ Հայաստանը խորապես շահագրգռված է Հնդկաստանի հետ խորացնելու հարաբերությունները բոլոր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, հումանիտար:
Նշելով, որ Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ պատմականորեն ձեւավորված բարեկամական հարաբերություններն ամենաամուր հիմքն են երկու երկրների միջպետական հարաբերությունների զարգացման համար, Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ իր այցելությունը նոր շունչ կհաղորդի հայ-հնդկական դարավոր բարեկամությանը:
Հանդիպման պատեհ առիթով Նախագահը մեկ անգամ եւս շնորհավորել է վարչապետ Մոդիին եւ բարեկամ հնդիկ ժողովրդին՝ Հնդկաստանի Հանրապետության անկախության 70-ամյակի առթիվ եւ նշել, որ որպես Հնդկաստանի բարեկամ երկիր՝ Հայաստանը ուրախությամբ է հետեւում Հնդկաստանի հաստատուն առաջընթացին եւ ականատեսը լինում միջազգային ասպարեզում նրա տարեցտարի աճող դերին ու հեղինակությանը:
Հիշատակելով, որ այս տարի Հայաստանը եւ Հնդկաստանն արդեն հատել են դիվանագիտական հարաբերությունների հաստատման քառորդդարյա շեմը, Նախագահ Սարգսյանը եւ վարչապետ Մոդին համակարծիք են եղել, որ այդ հոբելյանը լավագույն առիթն է ի մի բերելու համատեղ ձեռքբերումները եւ նախանշելու երկկողմ հարաբերությունների ընդլայնման ուղղությունները, որի համար առկա են բոլոր նախադրյալները: Զրուցակիցների համոզմամբ, չնայած փոխհարաբերությունների բարձր մակարդակին, երկու բարեկամ երկրների միջեւ առկա է զարգացման մեծ ներուժ, որի լիարժեք օգտագործման եւ այս հարցում շոշափելի առաջընթաց գրանցելու համար զգալի աշխատանք կա իրականացնելու:
Փոխգործակցության ընդլայնման հարցում Սերժ Սարգսյանը եւ Նարենդրա Մոդին կարեւորել են Հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը` անհրաժեշտ համարելով հանձնաժողովի նիստերը համալրել նոր, առավել թիրախավորված օրակարգով:
Հանրապետության Նախագահը նշել է, որ Հայաստանը պատրաստ է նպաստավոր պայմաններ ապահովել հնդկական ընկերությունների գործունեության համար: Նախագահը նաեւ հնդկական կողմի ուշադրությունն է հրավիրել Իրանի հետ Հայաստանի սահմանին ստեղծվող Մեղրիի ազատ տնտեսական գոտու վրա, որը եւս կարող է համագործակցության արդյունավետ հարթակ դառնալ: Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, ըստ Նախագահ Սարգսյանի, փոխգործակցության արդյունքում բարեկամ Հնդկաստանին եւս անարգել մուտք կապահովի այդ հսկայական շուկա:
Հանդիպմանն անդրադարձ է եղել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող եւ հեռանկարային մի շարք ոլորտներում ու տնտեսության առանձին ճյուղերում, ինչպիսիք են օրինակ` ոսկեգործությունը, ադամանդագործությունը, դեղագործությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, գյուղատնտեսությունը, սննդի վերամշակման արդյունաբերությունը, զբոսաշրջությունը, կրթությունը, գիտությունը եւ մշակույթը, փորձի փոխանակում ու ակտիվ համագործակցություն իրականացնելու հնարավորություններին:
Նախագահ Սերժ Սարգսյանը եւ վարչապետ Նարենդրա Մոդին գոհունակությամբ են նշել, որ երկու երկրների միջեւ առկա է ակտիվ համագործակցություն նաեւ բազմակողմ ձեւաչափով, ինչը լավագույնս դրսեւորվում է միջազգային կազմակերպություններում փոխադարձ աջակցությամբ:
Զրուցակիցներն անդրադարձել են Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակին եւ առկա մարտահրավերներին, այդ թվում` ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին:
Հանդիպման ավարտին Նախագահ Սարգսյանը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի մատյանում, նշելով, որ երախտապարտ է այն ջերմ ընդունելության համար, որին արժանանում է բարեկամ Հնդկաստանում, որի հետ Հայաստանը կիսում է ժողովրդավարության ու համամարդկային բարձր արժեքները:




























