Թուրքիայի Քարաման քաղաքի աղջիկների ուսանողական հանրակացարանում գիշերը սեւ շորերով եւ մորուքով անհայտ անձը արթնացրել է քնած ուսանողուհիներին եւ արաբերեն ինչ–որ բաներ ասել։

Թուրքական Hurriyet–ի փոխանցմամբ՝  աղջիկների ուսանողական հանրակացարանում հայտնված անհայտ անձը կարողացել է մուտք գործել կողպված սենյակներ, արթնացնել աղջիկներին, արաբերենով խոսել եւ մի գրություն թողել՝  մեռնելու եք, հերթը ձերն է։

Այս դեպքը մեծ խուճապ է առաջացրել հանրակացարանում։ Մի շարք ուսանողուհիներ հենց տեղում ուշագնաց են եղել, մի մասն էլ շտապօգնություն է կանչել եւ տեղափոխվել հիվանդանոց։

Հանրակացարանի տնօրինությունը եւ անվտանգության պատասխանատուները վստահեցնում են, որ դրսից որեւէ մեկը չի մտել հանրակացարան։ Նրանք նշել են, թե այս ամենը կարող է ուսանողուհիներից մեկի չար կատակը լինել։