Զիմբաբվեի զինվորականները հայտարարել են, որ երկրի մայրաքաղաք Հարարեում իրենց գործողությունները «կառավարության ռազմական գրավում» չեն, դրանք ուղղված են «հանցագործների» դեմ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Զիմբաբվեի բանակի ներկայացուցիչն ուղերձում նշել է, որ զինվորականների գործողություններն ուղղված են «հանցագործություններ կատարած մարդկանց դեմ, որոնք երկրում սոցիալական եւ տնտեսական ճգնաժամ են առաջացնում»:
«Հենց մեր առաքելությունն ավարտենք, ակնկալում ենք, որ իրավիճակը նորմալ հուն կվերադառնա»,- նշված է զինվորականների հայտարարության մեջ: Հեռուստաուղերձում բանակի ներկայացուցիչը նաեւ նշել է, որ երկրի նախագահ Ռոբերտ Մուհաբեն եւ նրա ընտանիքը անվտանգության մեջ են:
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Զիմբաբվեի զորամասերից Հարարե է շարժվում զրահատեխնիկայի շարասյուն: Չհաստատված տեղեկություններով՝ զինվորականները գրավել էին հեռուստակենտրոնը եւ մայրաքաղաքում պայթյուններ էին որոտացել:
Նոյեմբերի սկզբին երկրի նախագահ 93-ամյա Ռոբերտ Մուհաբեն հեռացրել էր իր տեղակալ Էմերսոն Մնանհագվային, որը նախագահի պաշտոնի հավանական ժառանգորդն էր համարվում եւ վայելում էր զինվորականների աջակցությունը:
Երկուշաբթի բանակի գլխավոր շտաբի ղեկավար Կոնստանտին Չիվենգան նախագահին կոչ էր արել դադարեցնել իշխող կուսակցության շարքերի զտումները, որից Մնանգավային հեռացրել էին:



























