Եվրախորհրդարանը բանաձեւ է ընդունել, որը Լեհաստանի դեմ պատժամիջոցներ մտցնելու մեխանիզմների կիրառում է նախատեսում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Խոսքը վերաբերում է Եվրամիության մասին պայմանագրի 7-րդ հոդվածի կիրառմանը, որը կարող է Եվրամիության խորհրդում Լեհաստանին ձայնի իրավունքից զրկել: Դա տեղի կունենա այն դեպքում, եթե Եվրոպական խորհուրդն ընդունի եվրոպական արժեքների նկատմամբ «ակնհայտ վտանգի» առկայությունը:
Այդ որոշմանը կողմ են քվեարկել 438 պատգամավոր, դեմ՝ 152:
Խորհրդարանականները դժգոհ են, որ Վարշավան հեռանում է ժողովրդավարության ու իրավական պետության դրույթներից:
Ավելի վաղ Լեհաստանի նախագահը վետո էր դրել խորհրֆարանի կողմից Ազգային դատական խորհրդի եւ Գերագույն դատարանի մասին օրենքների ընդունման վրա: Սեպտեմբերի 25-ին նա ներկայացրել է այդ օրինագծերի այլընտրանքային տարբերակները:
Եվրահանձնաժողովը քննադատել է այդ փաստաթղթերը: Բրյուսելի կարծիքով դրանք կհանգեցնեն Գերագույն դատարանի դատավորների լիազորությունների վաղաժամ դադարեցման եւ դատական իշխանությունը կենթարկվի գործադիրին:




























