Երեւանի թիվ 105 մանկապարտեզում երբեւէ դրամահավաք չի անցկացվել եւ որեւէ երեխայի նկատմամբ բռնություն չի կիրառվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց մանկապարտեզի տնօրեն Ա.Գրիգորյանը՝ հերքելով մամուլում շրջանառվող լուրերը, իրենց մանկապարտեզում դրամահավաք է անցկացվել եւ երեխաներից մեկին վատ են վերաբերվել:
«Նման բան ընդհանրապես չի եղել, մեր մանկապարտեզում ոչ մի անգամ դրամահավաք չի անցկացվում եւ ոչ մի երեխայի հանդեպ բռնություն չի կիրառվում»,- ասաց տիկին Գրիգորյանը:
Մեր հարցին, թե ինչու է ծնողը նման հայտարարություն տարածել, տնօրենը սպառիչ պատասխան չտվեց. «Ուղղակի տարածել է, ոչ մի հիմք չկա»:
Ավելի վաղ Shamshyan.com-ը հաղորդել էր, որ Երեւանի բնակչուհի Կարինե Նիկոյանը բողոք է ներկայացրել, որ իր 4-ամյա երեխայի նկատմամբ բռնություն են կիրառել եւ դրամահավաք են անցկացրել մանկապարտեզում՝ առանց հիմնավորելու գումար հավաքելու պատճառը:




























