ՀՀ ոստիկանությունն ահազանգ չի ստացել Գյումրիում ռուսական ռազմաբազայից 2 զինծառայողի անհետացման մասին։
NEWS.am-ի հետ զրույցում Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ իրենք ռուսական ռազմաբազայից 2 ռուս զինծառայողի անհետացման մասին ահազանգ չեն ստացել։
Միաժամանակ քաղաքագետ Գագիկ Համբարյանը tert.am-ին հայտնել է, որ բազայից մի քանի օր առաջ անհետացել են պայմանագրային 2 զինծառայող։ Ընդ որում, Համբարյանը զարմանք է հայտնել, որ լրատվամիջոցներն այդ մասին ոչինչ չգիտեն։ «Ես այդ մասին իմացել եմ 2 օր առաջ։ Քանի որ ռուս զինվորները նրանց լուսանկարներով շրջում են ռեստորաններով եւ ժամանցի վայրերով, գիշերային ակումբներով, որտեղ սիրում են լինել ռուս զինծառայողները»,- ասել է Համբարյանը՝ չպարզաբանելով, թե այդ տեղեկությունն իր սեփական դիտարկումների արդյունքն է, թե ոչ։
Չնայած մամուլի հրապարակումներին, ռուսական ռազմաբազայում չեն շտապում մեկնաբանել զինծառայողների անհետացման մասին լուրերը։ Բազայի ներկայացուցիչիները, որոնց հետ կապվել են լրագրողները, հրաժարվում են որեւէ բան հայտնել՝ ասելով, թե արձակուրդում են, ընդմիջման են կամ այլ անհետաձգելի գործեր ունեն։




























