Պարզվել է նախօրեին՝ դեկտեմբերի 19-ին Երեւանի Դավիթ Անհաղթի փողոցում պատահական անցորդին վրաերթի ենթարկած եւ փախուստի դիմած «Լեքսուսի» վարորդի ինքնությունը:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դա Երեւանի Ահարոնյան փողոցի բնակիչ Սլավիկ Գեորգիի Բադասյանն է:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, դեկտեմբերի 19-ին, ժամը 18.15-ի սահմաններում Երեւանի Դավիթ Անհաղթի փողոցում`«Կերամա Մարացի» խանութի դիմաց «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան վրաերթի էր ենթարկել հետիոտն,  40-ամյա Լիլիթ Նազարյանին: «Լեքսուսի» վարորդը հետիոտնին թողել է անօգնական եւ դիմել փախուստի:

Ականատեսները հասցրել էին տեսնել «Լեքսուսի» համարանիշը` 11 ՍՏ 099: Մինչ վրաերթի ենթարկվածը «Շտապ օգնության» մեքենայով կտեղափոխվեր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին հաջողվել էր Ուլնեցի փողոցում հայտնաբերել փախուստի դիմած վարորդին`«Լեքսուսով» հանդերձ:

Ավտոմեքենան ՃՈ աշխատակիցները տեղափոխել են ՃՈ տուգանային հրապարակ:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի