Լուսնի խավարումները հաճախ արձանագրվող պարբերական երեւույթ են, այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բյուրականի աստղադիտարանի փոխտնօրեն Նորայր Մելիքյանը՝ խոսելով դեկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը տեղի ունեցած Լուսնի ամբողջական խավարման մասին:
Հասարակության շրջանում տարածված տեսակետ կա, թե նման խավարումները չարագուշակ երեւույթ են, մինչդեռ Մելիքյանը դրանց վերաբերյալ տալիս է գիտական բացատրություն: «Լուսնի խավարում արձանագրվում է այն ժամանակ, երբ երկրի ստվերն ընկնում է Լուսնի վրա: Դրանում ոչ մի չարագուշակ բան չկա. այդ մասին հին ժամանակներում խոսում էին մոգերը եւ խաբում մարդկանց: Մտահոգությունն անտեղի է»,-նշեց նա: Մելիքյանի խոսքով՝ Լուսնի խավարումը Երկիր մոլորակի տարբեր դիրքերից տարբեր կերպ է տեսանելի:
«Կարող է Երկրի ստվերն ընկնել այնպես, որ Լուսնի մի հատվածը միայն խավարի, կարող է Լուսնի վերեւի ծայրը կտրի անցնի եւ այլն»,-ասաց NEWS.am-ի զրուցակիցը եւ հավելեց, որ Հայաստանում եւս մասամբ տեսանելի է եղել Լուսնի ամբողջական խավարումը:
Նշենք, որ դեկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը հյուսիսային կիսագնդում անսովոր ամբողջական լուսնի խավարում է արձանագրվել: Այն համընկել է ձմեռային ամենաերկար գիշերվա հետ: Նման համընկնում վերջին անգամ արձանագրվել է 372 տարի առաջ: Կախված մթնոլորտի աղտոտվածության աստիճանից եւ լուսնի խավարման փուլից, Լուսինը սկսել է փոխել իր գույնը ստանալով նարնջագույն, կապույտ, կարմիր եւ այլ գույներ:




























