Հայաստանի համար հատուկ ռիսկեր չկան: Այս մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում  հայտնել է  «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը՝ պատասխանելով այն հարցին, թե կարող են արդյոք Հայաստանի առջեւ նոր մարտահրավերներ ծառանալ Ռուսաստանի ու Արեւմուտքի միջեւ հարաբերությունների սրման պայմաններում Հայաստանի եւ Եվրամիության  միջեւ շրջանակային համաձայնագրի ստորագրման ֆոնին։

Նրա խոսքով՝  Հայաստանի եւ իր արտաքին քաղաքականության եւ արտաքին տնտեսական քաղաքականության համար կարեւոր է, որ արտաքին քաղաքական վեկտորը չսահմանափակվի «կամ,կամ» սկզունքով, այլ հակառակը՝ «ե՛ւ, ե՛ւ» սկզբունքով շարունակի զարգանալ։ «Այսինքն, մենք, լինելով Եվրասիական տնտեսական միության  կազմում, պետք է շատ նուրբ  եւ նորմալ հարաբերություններ պահպանենք Եվրամիության հետ»,-ասել է Մելքումյանը՝ վստահեցնելով, որ մեկը մյուսին չի խանգարում, բայց Երեւանը, այնուամենայնիվ, չի կարող լինել ԵՄ-ի հետ, քանի որ արդեն  միացել է եւ փաստացիորեն դարձել ԵՏՄ անդամ։

Միեւնույն ժամանակ, «Ծառուկյան» դաշինքի  պատգամավորը եւ ԱԺ փոխխոսնակը կարծում է, որ Հայաստանը խնդիրներ չունի տնտեսական արտոնությունների հետ, ինչպես նաեւ ապրանքների վաճառքի եւ նոր շուկաներ մտնելու տեսանկյունից, քանի որ առանց ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնության էլ  գոյություն ուներ  GSP+ ռեժիմը, որը թույլ է տալիս Եվրամիություն արտահանել մեծ քանակությամբ ապրանքներ։

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Եվրամիության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին շրջանակային համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում։

Նշենք, որ NEWS.am-ի հետ զրույցում «Ծառուկյան» խմբակցության մյուս պատգամացորներից խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը եւ եվրոպական ինտեգրացիայի հարցերվ մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը այլ կարծիք էին  արտահայտել՝ կապված Հայաստանի առջեւ նոր մարտահրավերների առաջ գալու հետ։