ՄԱԿ Անվտանգության խորհուրդը դեկտեմբերի 22-ին կքվեարկի ԱՄՆ կողմից ներկայացված բանաձեւի շուրջ, որը նախատեսում է Հյուսիսային Կորեայի դեմ նոր պատժամիջոցներ՝ նավթի մատակարարումների սահմանափակման միջոցով։ Այս մասին հաղորդում է AFP-ն։

ԱՄՆ-ն բանաձեւը ներկայացրել է Չինաստանի հետ բանակցություններից հետո Հյուսիսային Կորեայի կողմից նոյեմբերի 28-ին միջկոնտինենտալ բալիստիկ հրթռի փորձարկմանն ի պատասխան։ Սա կդառնա այս տարի Հյուսիսային Կորեայի նկատմամբ ընդունված պատժամիջոցների երրորդ փաթեթը։

Ճապոնիայի դեսպան Կորո Բեսշոն հայտարարել է, որ Ճապոնիան սատարում է բանաձեւը եւ հույս ունի, որ այն ԱԽ անդամների կողմից միաձայն կընդունվի։

Նոր բանաձեւը խստացնում է հիմնականում Չինաստանից Հյուսիսային Կորեա  մատակարարվող հում նավթի սահմանափակումները։ Սա ենթադրում է վերամշակված նավթամթերքի գրեթե 90 տոկոսի մատակարարման արգելք, ինչպես նաեւ 12 ամսվա ընթացքում արտերկրում աշխատող բոլոր Հյուսիսային Կորեայի քաղաքացիների վերադարձ:

Բանաձեւի նախագիծը սահմանափակում է նավթի մատակարարումը մինչեւ տարեկան չորս միլիոն բարել, իսկ վերամշակված նավթամթերքի, այդ թվում՝ դիզելի եւ կերոսինի մատակարարումը մինչեւ 5 հարյուր հազար բարել: Երկրները պարտավորվում են ՄԱԿ-ին տեղյակ պահել Հյուսիսային Կորեա նավթի մատակարարումների մասին: