25-ամյա Գայլ Խանդիկյանը 13 տարեկանում է հասկացել, որ նույնասեռական է. ընտանիքն իրեն հասկացել է, իր աջակցությունը հայտնել: Գայլի մայրը լատինամերիկուհի է, հայրը` լիբանանահայ. այժմ ծնողները միմյանց հետ չեն ապրում, իր՝ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունենալու լուրն էլ տարբեր կերպ են ընկալել. մայրն իր աջակցությունն է հայտնել, հայրը` դժվարությամբ ընդունել:

«11-13 տարեկանում հասկացա, որ նույնասեռական եմ, բայց երեւի միշտ հակումներ կային նույն սեռի հանդեպ, ես, ուղղակի փոքր լինելով, չէի հասկանում դա ինչ էր նշանակում: Ամերիկայում մորս կողմը բոլորն էլ գիտեն իմ մասին եւ նորմալ ընդունում են ինձ, ոչ մի բան չփոխվեց, երբ իմացան, որ գեյ եմ։ Հորս կողմից միայն հայրս գիտե, որ գեյ եմ։ Ինքը դժվար ընդունեց, շոկ էր իր համար ու երկար ժամանակ չխոսեցանք իրար հետ, այսօր խնդիր կամ լարվածություն չկա մեր մեջ, ամեն ինչ նորմալ է։ Մյուս հայ ընտանիքիս անդամները չգիտեն իմ մասին դեռ։ Ենթադրում եմ որ իրենց համար էլ շոկ կլինի ու վատ կվերաբերվեն` ավանդական եւ պահպանողական են»,-ասում է նա:

Գայլ Խանդիկյանը  ԱՄՆ Լոս Անջելես քաղաքից երկու տարի առաջ է Հայաստան եկել. հայկական արմատները միշտ էլ կանչել են հայրենիք եւ այսօր արդեն ապրում է այստեղ: Նույնասեռական լինելու պատճառով Հայաստանում արդեն հասցրել է խնդիրների բախվել, բայց աշխատանքի առումով ի տարբերություն ԼԳԲՏ համայնքի շատ ներկայացուցիչների` բախտը բերել է. ԱՄՆ քաղաքացի է` ՀԿ-ներից մեկում աշխատանք է գտել. «Ես իրականում խնդիրներ չունեմ Հայաստանում որպես գեյ մարդ։ Ես շատ լավ ու հանգիստ եմ զգում հայրենիքում, եւ կյանքս այստեղ շատ սիրում եմ։ Երկու տարի հետո արդեն համակերպվել եմ քիչ թե շատ այս հասարուկությանը. ունեմ աշխատանք, ունեմ ընկերներ, ունեմ ազգականներ, ում հետ կապ եմ հաստատել տեղափոխվելուց հետո եւ ում շնորհիվ ավելի կապված, ավելի քիչ օտար եմ զգում այս երկրին։ Ես արտասահմանից եմ, եւ իմ կյանքի պայմանները Հայաստանում տարբեր են ուրիշ մարդկանցից։ Ես ամերիկյան անձնագիր ունեմ, աշխատանք ունեմ, ֆինանսապես անկախ եմ, մենակս ապրում եմ։ Այս ամենն ինձ ազատություն է տալիս, եւ ես այդ ազատությունով կարողանում եմ խուսափել այն խնդիրներից, որոնք ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները  ունեն Հայաստանում»:

Գայլ Խանդիկյանն ասում է. Հայաստանում  ոտնահարված են ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների իրավունքները, հոմոֆոբիան եւ տրանսֆոբիան էլ ամբողջ աշխարհում տարածված են: 2017թ. ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների իրավունքների պաշտպանության առումով դրական փոփոխություններ չբերեց ոչ տարածաշրջանում, ոչ էլ Հայաստանում. «Այս տարի լսեցինք, որ Հայաստանը կճանաչե օտար նույնասեռական ամուսնությունները, որոնք կատարված են այլ երկրներում, ուր ամուսնության հավասարություն կա, որը մեզ շատ զարմացուց։ Արտասահմանյան ԶԼՄ-ները անդրադարձան այս լուրին, ու շատերը գովեցին Հայաստանի իշխանություններին, առանց իմանալու, թէ ինչ է կատարվում այս երկրում։ Մինչեւ այսօր մենք չենք լսել օտար նույնասեռական ամուսնության մասին, որ իսկապես ճանաչված է պետության կողմից: Նաեւ զարմանալի է, որ Արդարադատության նախարարությունը ասել է որ կճանաչե օտար մարդկանց հավասար իրավունքները, բայց պատրաստ չէ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հավասար իրավունքները ճանաչելու։ Խոսքս միայն ամուսնության մասին չէ, այլ ընդհանրապես ԼԳԲՏ մարդկանց  իրավունքների մասին է»,-ասում է նա` նշելով, որ հայ հասարակության վերաբերմունքը ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ եւս բացասական է:

Գայլ Խանդիկյանը  ուզում է մնալ Հայաստանում, ապրել այստեղ եւ պայքարել ոչ միայն ԼԳԲՏ համայնքի, այլեւ, Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության համար. «Ես եկա Հայաստան, որովհետեւ հայ եմ։ Ես մեկ տարի պիտի մնայի Հայաստանում որպես «Դեպի Հայք» հիմնադրամի մասնակից, բայց շատ շուտ զգացի որ մեկ տարին իմ համար բավարար պիտի չլիներ, ու որոշեցի մնալ։ Հայաստան գալուս պատճառները շատ են. ուզում էի այս երկիրը տեսնել, հասկանալ ու իր ժողովուրդի հետ կապ ստեղծել։ Ուզում էի կոտրել կարծրատիպերը, որ ունեի այս երկրի մասին։ Ուզում էի նաեւ միանալ Հայաստանի ԼԳԲՏ ակտիվիստներին, եւ ընդհանուր ձախակողմյա, առաջադեմ ակտիվիստների հետ, ու միասին պայքար մղել։ Կարծես թե բոլոր ուզածներս եթե արդեն չեն եղել, ընթացքի մեջ են։ Ես վստահ եմ, որ կգա ժամանակ, երբ Հայաստանում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների իրավունքները պաշտպանված կլինեն, մյուս մարդկանցն էլ»: