Հայաստանի գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն աշխատանքներ է իրականացնում է Չինաստան մեղր արտահանելու ուղղությամբ։ Այս մասին դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ծառայության ղեկավար Իշխան Կարապետյանը:
Նա նաեւ նշել է, որ բանակցություններ են ընթանում Արաբական Միացյալ Էմիրությունների հետ այդ երկիր կենդանիների եւ պաղած մսի արտահանման շուրջ: «Այս բանակցությունները եւս մոտենում են իրենց ավարտական փուլին»,-ասաց նա:
Ծառայության ղեկավարի խոսքով՝ ԵՄ երկրներ ձկնամթերքի մատակարարման բանակցությունների երեք կարեւոր փուլերն արդեն ավարտվել են: «Ներկայումս մենք աուդիտ ենք անցկացնում, եւ ակնկալում ենք դրական արդյունքներ, որոնց արդյունքում եվրոպական շուկաներում կհայտնվի հայկական արտադրության ձուկ»,-ասաց նա:
Իշխան Կարապետյանը նաեւ հայտնել է, որ 2017 թ. սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում միջազգային համագործակցության ընդլայնման նոր օղակ է ստեղծվել: Համաձայնություն է ձեռք բերվել, որ 2018 թվականին Կենդանիների առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Հայաստանում կանցկացնի անասնաբուժական ծառայությունների աուդիտ:



























