Ոստիկանությունը ձերբակալել է Femen-ի ուկրաինացի ակտիվիստուհի Ալիսա Վինոգրադովային, որը փորձում էր գողանալ Վատիկանի մանուկ Հիսուսի արձանիկը Սուրբ Պետրոսի հրապարակում տեղադրված սուրբծննդյան ինստալյացիայից: Այս մասին հայտնում է էպատաժային բողոքի ակցիաներով հայտնի դարձած շարժման մամուլի ծառայությունը:
Դեպքի վայրից լրատվական գործակալությունների արված տեսագրության մեջ երեւում է, թե ինչպես է մեջքին «Աստվածը կին է» գրառմամբ կիսամերկ աղջիկը սուրբծննդյան ինստալյացիայից դուրս քաշում մանուկ Հիսուսի արձանիկը, ինչից հետո մոտենում են ոստիկանները:
Ինչպես երեւում է ավելի ուշ արված տեսագրության մեջ, իրավապ մարմինների երկու աշխատակից դեպքի վայրից տանում են արդեն հագնված Վինոգրադովային: Femen-ի ներկայացուցիչները պնդում են, որ մինչ այժմ չի հաջողվել կապ հաստատել ակտիվիստուհու հետ, եւ կոչ են անում Վատիկանին ազատ արձակել աղջկան:
Ինչպես հաղորդում են իտալական ԶԼՄ-ները, միջադեպը տեղի է ունեցել Հռոմի պապի ամենամյա ավանդական սուրբծննդյան ուղերձից երկու օր առաջ:
Femen-ում մանրամասնել են, որ ակցիան ուղղված էր Մայր Աթոռի՝ աբորտների արգելքի եւ հակաբեղմնավորիչների դատապարտման քաղաքականության դեմ: «Ֆեմենը կանանց կոչ է անում հետեւել շարժման օրինակին եւ գողանալ մանուկների արձանիկները սուրբծննդյան ինստալյացիաներից՝ այդպիսով հաստատելով սեփական մարմինը տնօրինելու իրենց իրավունքը»,- նշել են մամուլի ծառայությունում:




























