Օրերս Հայաստանից դուրս գործուղման էի եւ ցանկացա հայերի հետ ճանապարհորդելուց ստացածս տպավորությունները փոխանցել NEWS.am- ի ընթերցողին։

Մեր խումբը Երեւան էր վերադառնում Տաշքենդից։ Չվերթը Տաշքենդ-Մոսկվա-Երեւան էր։ Ուզբեկստանի մայրաքաղաքից Մոսկվա թռիչքն իրականացնում էր «Ուզբեկական ավիաուղիները», ուղեւորներն էլ հիմնականում Ռուսաստան աշխատանքի ակնկալիքով մեկնող ուզբեկներ էին։

Մեկնումի ժամանակ Մոսկվա հասանք առանց որեւէ արտառոց դեպքի։ Տրանզիտ չվերթը Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից էր տեղի ունենալու։ Հասանք մեր տերմինալին, որտեղ ոչ միայն Երեւանի չվերթի ուղեւորներն էին, այլեւ Մոլդովայի ու Տորոնտոյի, մի խոսքով «լիքը մարդ էր հավաքված»։ Զգացվում էր, որ թռիչքի սպասող ուղեւորները փոքր ինչ նյարդայնացած են։ Եվրոպայում եղանակային վատ պայմանների պատճառով հետաձգվել էին մի քանի չվերթներ, այդ թվում դեպի Մոլդովա։ Օդանավակայանի ապակեպատ ու առանձնացված ծխարաններում, ինչպես նաեւ ծխարանների աղբարկղերում «տեղ ու դադար» չկար։ Մեր թռիչքը եւս  հետաձգեցին մոտ մեկ ժամով։ Մեկ ժամ անց ռուսական ավիաընկերության ներկայացուցիչը եկավ, որ ինքնաթիռի նստեցման կտրոնները գրանցի եւ ուղեւորներին թռիչքի ուղարկի։ Ու գոյացավ արդեն ավանդական դարձած հայկական հերթը...

Ավիաընկերության աշխատակիցը գրեթե ամեն ուղեւորի սպասարկելուց հետո կրկնում էր. «Հարգելի ուղեւորնե՜ր, խնդրում եմ, մոտեցեք մեկ-մեկ, պահպանեք հերթը, ժապավենից առաջ մի անցեք...»։

Անցանք օդանավ, զբաղեցրինք տեղերն ու մոտ 230 ուղեւորով բարձրացանք երկինք։

Հնչեց օդանավի անձնակազմի պահանջը՝ անջատեք բջջայիններն ու բոլոր տեսակի էլեկտրոնային սարքերը։ Բայց պարզվեց մեկանգամյա զգուշացումը մեր չվերթի ուղեւորների համար բավարար չէ, որովհետեւ դրան հետեւեց 2-րդ ու 3-րդ զգուշացումը, հետո օդանավի բարետես ուղեկցորդուհիները սկսեցին բարեհամբույր զգուշացնել գրեթե ամեն 3-րդ ուղեւորին, որ անհրաժեշտ է անջատել հեռախոսը։

Թռիչքը հանգիստ անցավ, եթե չհաշվենք, որ հետեւում նստած երեխան անընդհատ փորձում էր դիմացի նստարանին «դհոլ նվագել», իսկ դիմացը նստած երիտասարդը մերթընդմերթ անջատում էր հեռախոսից ականջակալները, ցանկանալով երեւի 10 մետր շառավղով նստածներին հասկացնել, որ «իրա հեռախոսում ռաբիզի վերջն ա հավաքել»։

Սկսվեց վայրէջքը։ Կրկին հայտարարեցին՝ անջատեք հեռախոսներն ու էլեկտրոնիկան։ Հայտարարությունն, ինչպեսեւ սպասվում էր, արդյունք չտվեց. հետեւեցին 2-րդն ու 3-րդը։ Ուղեւորները ազդվեցին՝ մասամբ։ Երբ օդանավի անիվները դիպան գետնին, հաջող թռիչքի համար գոհ ու երախտապարտ ուղեւորները ծափահարեցին, ապա նրանց մոտ կեսը տեղներից բարձրացան ու սկսեցին դեռ ընթացքի մեջ գտնվող ինքնաթիռի դարակներից իրերը դատարկել։

Ուղեկցորդուհին ստիպված էր դիտողություն անել, խնդրելով՝ նստել։ Բնականաբար հետեւեցին 2-րդ ու 3-րդ խնդրանք-կոչերը, բայց արդեն փոքր ինչ նյարդային տոնով։ Ի վերջո ուղեկցորդուհին դուրս եկավ ու արդեն նյարդայնացած սկսեց պահանջել, որ նստեն։ Ձայն բարբառո հանապատի։ Ուղիղ իմ դիմաց կանգնած էին 4 ուղեւորներ եւ «որոճող կովի հանգստությամբ» անդրդվելիորեն շարունակում էին իրենց գործը։ Խնդրեցի, որ նստեն։ 4-ից երկուսը նստեցին, երկուսը՝ ոչ։ Այս անգամ պահանջեցի: Երկուսից մեկը նստեց, մնաց կանգնած մի համառ ծերուկ, որ ինձ մեջքով էր կանգնած։ Արդեն կշտամբանքով ասացի «Կարծեմ, ուղեկցորդուհին ու ես ձեզ ենք դիմում»։ Սեփական անձի ու եսի փառքից գոհացած 50-ին մոտ մարդը շրջվեց ու ասաց. «Դու ինձ մի ասա, էղավ ապեր»... Ծերուկն, այդուհանդերձ, մի քանի վայրկյան անց նստեց, թերեւս, զգուշանալով, որ իր համառությունը կարող է լուրջ հետեւանքներ ունենալ:

Իսկ ինձ այս դեպքերի շարքը մտորումների տեղիք տվեց. արդյոք մենք պետք է այդքան հաճա՞խ մեր ու ուրիշ ազգերի համար կրկնենք, որ մենք աշխարհի ամենահին, հզոր ու անտիկ մշակույթ ունեցող ազգերից ենք, Հայաստանը քաղաքակրթության օրրաններից է եւ այլն...

Օդանավից իջանք, մտանք «Զվարթնոց» օդանավակայանի նորակառույց մասնաշենք, որի շենքային պայմաններն ավելի լավն են, քան «Դոմոդեդովոն» ու «Շերեմետեւոն»։ Անձնագրային ստուգումը 230 ժամանողի համար տեւեց մեկ ժամից ավելի։ Այնինչ ռուսական օդանավակայաններում կամ Տաշքենդում չնայած անձնագրայինի ավելի քիչ տեղերին, նույն թվով ուղեւորները անձնագրային գրանցումն անցնում են մոտ 30 րոպեում։

Ինչո՞ւ են զբոսաշրջությունը գերակա հռչակած Հայաստանում նման կերպ վարվում Հայաստան ժամանողների հետ, պարզ չէ:

Ինչո՞ւ մեր թատրոն ու գրականություն ունեցած ժամանակ «ծառից ծառ» թռչող ազգերն իրենց ավելի մարդավարի են պահում, քան՝ մերոնք: Ինչո՞ւ աշխարհում առաջինը քրիստոնեություն ընդունած ազգի որոշ ներկայացուցիչների հետ շփվելուց տպավորություն ես ստանում, թե հենց նոր են իջել ծառերի վրայից: Հատկանշական է, որ իրենց բռիությամբ, անքաղաքավարիությամբ ու տակտի բացակայությամբ փայլող հայերը բոլորից բարձր են բղավում, թե հայերն աշխարհի ամենահին ու քաղաքակիրթ ազգերից են, թեեւ, նմանները գաղափար անգամ չունեն, թե ինչ քաղաքակրթություն կամ ինչ մշակույթ են բերել հայերը դարերի խորքից: Ու ցավոք, այսօր օտարերկրացիները հայ ժողովրդի մասին, հաճախ, պատկերացում են կազմում ոչ թե մեր հարուստ ու աշխարհին իր քաղաքակրթական երանգը բերող մշակույթով, այլ ամեն տեղ իր գավառականությունն ու «չոբանությունն» ի ցույց դնող այն հայերով, որոնք իրենց լկտի պահվածքից հետո դեռ հպարտանում են, թե. «ара ти знаиш, я арминин»:

 

Կոնստանտին Ամիրաքյան