Կոլումբիական Կալի թմրակարտելի անվտանգության պետ Խորխե Սալսեդոյի պատմությունը, որը եղել է թմրանյութերի դեմ պայքարի վարչության իրազեկիչը, դրված է «Բարիգներ» (Narcos) սերիալի հիմքում: Նրա շնորհիվ է ոչնչացվել հանցավոր  խմբավորումը:

Հիմա Խորխե Սալսեդոն 60 տարեկանից մեծ է, նա գաղտնի վայրից փակ հեռախոսահամարով տված հարցազրույցում պատմել է կարտելում իր աշխատանքի, վկաների պաշտպանության ծրագրի շրջանակում կյանքի եւ տեսարանների մասին, որոնք սերիալում պատմականորեն ճշգրիտ են ներկայացված: 

Նրա խոսքով՝ սերիալում պատմությունն առավելագույնս ճմարտացի է: Սալսեդոն պատմել է, որ ինժեներ լինելով, զբաղվել է նավթամշակման գործարաններում մասնագիտացված ծառայությունների մատուցմամբ: «Դրա հետ կապված ես որոշեցի իմ գիտելիքներիը որեւէ ավելի մեծ բանի համար օգտագործել եւ կապեր հաստատեցի բրիտանական խոշոր ընկերությունների հետ: Ես հրաշալի սարքավորում ունեի, որով Կոլումբիայի բանակը չափից ավելի տպավորված էր, որի հետ համագործակցում էի: 1988 թվականի դեկտեմբերին ընկերներիցս մեկը անսպասելի բանակից հեռացավ: Նա որոշակի շրջանակներում շատ հայտնի էր, այդ պատճառով շուտով նրա հետ կապվեցին Կալի թմրակարտելի ներկայացուցիչները եւ օգնություն խնդրեցին: Նրանք պատերազմում էին Պաբլո Էսկոբարի դեմ (կոլումբիացի թմրաբարոն), որն արդեն փորձել էր ռումբի միջոցով սպանել իր մրցակից Միգել Ռոդրիգեսին (Կալի կարտելի առաջնորդներից մեկը): Նրանք ընկերոջս ասել էին. «Դու մեզ պետք ես»: Նա պատասխանել էր, թե այդ ոլորտի մասնագետի է ճանաչում, որն առաջնակարգ սարքավորում ունի: Ուստի այն տեսարանը, որում Միգելն ինձ «խնդրում» է մնալ որպես անվտանգության ղեկավար, իրականությանը համապատասխանում է: Ոչ մեկն իմ անունը չի հարցրել, ինձ ուղղակի փաստի առաջ են կանգնեցրել: Ես հրաժարվելու հնարավորություն չունեի»,- նշել է նա:

«Պաբլոն (Էսկոբարը) իսկապես վատ մարդ էր, որը հանուն իր նպատակների անմեղ մարդկանց սպանում էր առանց աչքը թարթելու: Այնպես որ, այն ժամանակ նույնիսկ մասամբ համակրում էի Կալի կարտելի նպատակներին նման չարիքի դեմ պայքարում»,- ասել է նա: Սակայն Էսկոբարի մահից հետո, երբ Սալսեդոն ցանկացել է հեռանալ, նրան հասկացրել են, որ դա անհնար է: «Ես երբեք չեմ ցանկացել դառնալ նրանց կազմակերպության անդամ, բայց արդեն շատ բան գիտեի: Ակնհայտ էր, որ կարտելից ինձ հենց այնպես բաց չեն թողնի, ուստի ստիպված էի մտածել բոլոր հնարավորությունների մասին, որ կկարողանային կանխել կանխատեսելի վերջը»,- ասել է նա՝ նշելով, որ հպարտ է իր արածով: «Ես ուրախ եմ, որ օգնել եմ տապալել ոչ միայն Կալի թմրակարտելը, այլեւ կոռումպացված կառավարությունը եւ փտած համակարգը», ասել է նա: