Գերմանիայի մայրաքաղաքում չնայած մանրածախ առեւտրի ժամանակակից ձեռնարկությունների զարգացած ցանցին, գործում են նաեւ սովորական, հին իրեր վաճառող շուկաներ, նաեւ տոնավաճառներ: Օրինակ Բեռլինի կենտրոնական շրջաններից մեկում որոշակի տարածք հատկացված է ֆիզիկական անձանց ապրանքների վաճառքի համար:

Այստեղ առանց առեւտրային սրահի մի քանի տաղավար է տեղակայված, որտեղ վաճառում են դելիկատեսներ, չրեր, ձուկ եւ այլն:

Առեւտրի թեժ շրջանում տարածքն այնքան աղտոտված է, ինչպես եւ նախատեսվում է նման վայրերի դեպքում: Ամենուրեք թափված են բանանի կճեպի եւ մրգերի կորիզներ, ինչպես նաեւ պոլիէթիլենային տոպրակներ, ծխախոտի մնացորդներ եւ նման այլ թափոններ: Սակայն տովաճառի աշխատանքի ավարտին ամեն ինչ խնամքով մաքրվում է:

Եթե քայլենք այդ տոնավաճառով, ապա կարելի է մտածել, որ ոչ թե Բեռլինում ես, այլ ասենք, ինչ որ արեւելյան քաղաքում: Գրեթե ամենուր թուրքերեն եւ արաբերեն խոսք է հնչում: Այս տոնավաճառներին բնորոշ է Բեռլինի համար անսովոր աղմուկն ու աղաղակը:

Վաճառողներն ամբողջ ձայնով գովում են իրենց ապրանքը՝ գնորդներին ցածր գներ աաջրկելով:

Գներն իրոք շատ ցածր են: Բայց չնայած դրան, գերմանացիների շուկայում գրեթե չես հանդիպի: Գնորդները հիմնականում թուրքեր են եւ արաբներ, ինչպես անեւ Աֆրիկայի կամ Արեւելյան Ասիայի ներկայացուցիչներ:

Շատ հաճախ շուկա են գալիս նաեւ ռուսախոս գնորդները, որոնց գրավում են էժան ապրանքները: Աշխատանքային օրվա վերջում վաճառողները արկղերով միրգ եւ պտուղներ գնելու դեպքում կտրուկ  իջեցնում են գները: Բայց մեծածախ առեւտրի դեպքում էժան ապրանքի մի մասը կարող է անորակ լինել: