Վերջապես հասարակայնությանը ցուցադրվել է Վերածննդի դարաշրջանի նկարազարդումներով հազվագյուտ 60 էջանոց աշխարհի քարտեզը, դրանով իսկ իրականացել է դրա հեղինակի՝ քարտեզագիր Ուրբանո Մոնթեի ցանկությունը։
Քարտեզը ներկայացնում է աշխարհը՝ բնակեցված է առասպելական արարածներով, այդ թվում ջրահարսներով, միաեղջյուրներով ու կենտրավրոսներով։ «Ես սա կանվանեի քարտեզագրության գլուխգործոց»,- նշել է Ջ․ Սալիմ Մոհամեդը, Ստենֆորդի համալսարանին առընթեր Դեւիդ Ռամսիի կենտրոնի ղեկավարը։
Քարտեզի հեղինակի մասին պատմաբանները որոշ տեղեկություններ ունեն։ Ուրբանո Մոնթեն (1544- 1613) եղել է միլանցի ազնվական։ 35 տարեկանում ամուսնացել է 18-ամյա Մարգարիտա Նիգուարդեի հետ, որը նրա համար չորս որդի ու մեկ դուստր է լույս աշխարհ բերել։ Մոնթեն իր կյանքը նվիրել է գրքեր ու հին ձեռագրեր հավաքելուն ու գիտությամբ է զբաղվել։ Մասնավորապես քարտեզագրությամբ։ Միլանում Ճապոնիայի դեսպանատուն այցելելուց հետո Մոնթեի մոտ ի հայտ է եկել կիրք ճապոնական քարտեզագրության հանդեպ ։ Հենց այդ ժամանակ էլ նա որոշել է աշխարհի քարտեզ ստեղծել ։
Չնայած ջրահարսների ու կենտավրոսների ներկայությանը՝ ասում են, որ նկարիչը օգտվել է այն ժամանակվա հավաստի աղբյուրներից։ Քարտեզագիրը օգտագործել է եզակի արկտիկյան հեռանկարը, բավականին ճշգրտորեն կատարելով պրոյեկցիան։ Պարզապես Անտարկտիդան է չափից հսկայական երեւում։ Իսկ Ճապոնիան Մոնթեի քարտեզում ավելի շատ Ավստրալիան է հիշեցնում։
Երբ Դեւիդ Ռամսիի կենտրոնը ձեռք է բերել այս քարտեզը, այն գրքի նման էր ծալված։ Սակայն ատլասում կային ցուցումներ այն մասին, թե ինչպես էր Մոնթեն պատկերացնում քարտեզի ամբողջական տեսքը։ Սկանավորելով յուրաքանչյուր էջը՝ գիտնականները կարողացել են թվային տեսքով հավաքել քարտեզը 3-ը 3 մետրի վրա չափսերով, ինչպես Մոնթեն էր ցանկանում։
Հիմա Սթենֆորդյան համալսարանում կարելի է տեսնել ձեռագիրը, դրա տպագիր տարբերակն ու թվային տարբերակը ։ Պատկերները հասանելի են նաեւ համացանցում, հայտնում է Live Science պարբերականը։






























