Կատալոնիայի անկախության հարաքվեի առաջացրած քաղաքական ճգնաժամը Իսպանիային 1 մլրդ եվրո է արժեցել, տեղական ռադիոյի հետ հարցազրույցում հայտարարել է երկրի էկոնոմիկայի նախարար Լուիս դե Գինդոսը, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

Նրա խոսքով՝ վնասները պայմանավորված են շրջանի տնտեսության դանդաղմամբ, որն առաջացել է 2017 թվականի հոկտեմբերի 1-ին կենտրոնական իշխանությունների կողմից չարտոնված հանրաքվեի անցկացումից հետո:

Դեկտեմբերին՝ Կատալոնիայում շրջանային ընտրությունների անցկացման նախօրեին Մադրիդի իշխանությունները զգուշացնում էին տնտեսական վնասի մասին, որը կարող էր երկրին հասցնել շրջանի անջատման արշավը: Սակայն նախարարի հրապարակած թվերը գերազանցում են նույնիսկ ամենահոռետեսական սպասումները, նշում է BBC-ն:

Գինդոսի խոսքով՝ 4-րդ եռամսյակում Կատալոնիայի տնտեսության աճը դանդաղել է 0,9-ից մինչեւ 0,4 տոկոսով:

«Նախկինում Կատալոնիայի տնտեսության աճն ավելի բարձր էր ընդհանրապես Իսպանիայում: Այն իսպանական տնտեսության լոկոմոտիվներից մեկն էր,- ասել է նա: - Սակայն 4-րդ եռամսյակում այն բեռ է դարձել»:

Քաղաքական անորոշության հետեւանքով ավելի քան 3 հազար ընկերություններ արդեն իրենց ներկայացուցչությունները Կատալոնիայի սահմաններից հանել են:

Ճգնաժամը լուծելու փոխարեն, դեկտեմբերյան ընտրությունները ցույց տվեցին շրջանի անկախացման հակառակորդների եւ կողմնակիցների գրեթե հավասարությունը, որը միայն հետագա առճակատման հիմք է տալիս: Անջատողականները ստացել են խորհրդարանական 135 տեղից 70-ը, որը նրանց հնարավորություն է տալիս նոր վարչակազմ ձեւավորել, սակայն խոշորագույն «Քաղաքացիներ» (Ciudadanos) խմբակցությունը, որը 25 տոկոս ձայն է ստացել (կամ 36 մանդատ), ցույց է տալիս ընտրական օրենսդրության անարդարացիությունը, որն անջատողականներին, որոնք քիչ բնակեցված բնակավայրերում են ձայներ ստացել, հնարավորություն է տալիս առաջ անցնել:

Իր պաշտոնից հանված Կատալոնիայի վաչապետ Կառլես Պուչդեմոնը, որը Բրյուսելում կամավոր արագրության մեջ է, ղեկավարում է կուսակցություններից մեկը, որը հանդես է գալիս շրջանի անջատման օգտին: Մադրիդի բանտում պահվող նրա նախկին տեղակալ Օրիոլ Ժունկերասը ղեկավարում է մյուսը: