2017 թվականին նախկին նացիստական ճամբարի՝ Օսվենցիմ Բիրկենաուի տարածքում կառուցված թանգարան ռեկորդային թվով մարդիկ են այցելել: Տարվա ընթացքում թանգարան այցելել են ամբողջ աշխարհից 2.2 միլիոն այցելուներ, հաղորդում է DW-ն:
Սա շուրջ 50 հազարով ավելի է 2016 թվականի համեմատ, երբ առաջին անգամ այցելուների թիվը գերազանցել է երկու միլիոն ցուցանիշը:
Այցելուների շուրջ քառորդ մասը՝ մոտ 500 հազար մարդ, 2017 թվականին թանգարան են այցելել Լեհաստանից, որի տարածքում է գտնվում թանգարանը: Երկրորդ եւ երրորդ տեղերում`Մեծ Բրիտանիաից եւ ԱՄՆ-ից եկած այցելուներն են (համապատասխանաբար` 339 եւ 183 հազար): Նրանց հաջորդում են Իտալիայի քաղաքացիները (115 հազար), Իսպանիան (101 հազար), Գերմանիան (85 հազար) եւ Իսրայել (83 հազար): Թանգարան են այցելել նաեւ տասնյակ հազարավոր ֆրանսիացիներ, չեխեր եւ շվեդներ:
2017 թվականին որոշ երկրներից այցելուների կտրուկ աճ է գրանցվել, մասնավորապես`Ուկրաինայից (մոտ 50 տոկոսով ավելի, քան 2016 թվականին), Կանադայից եւ Հունաստանից (համապատասխանաբար` 36 եւ 32 տոկոս):
2001 թվականից ի վեր Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի թանգարան այցելել է ավելի քան կես միլիոն մարդ, հաղորդել է KNA լրատվական գործակալությունը: 2007 թվականին արձանագրվել է կտրուկ աճ, երբ ավելի քան մեկ միլիոն մարդ այցելել էին հուշահամալիր:
Օսվենցիմ Բիրկենաուն ամենամեծ նացիստական համակենտրոնացման ճամբարն էր: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին այստեղ ավելի քան 1.1 միլիոն մարդ է զոհվել, նրանց մեծ մասը հրեաներ, իսկ գրեթե 40 տոկոսը լեհեր էին: Նախկին ճամբարի տարածքում գտնվող թանգարանը հիմնադրվել է 1947 թվականին: 1979 թվականին այն գրանցվել է որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:




























