ՀԴԲ-ն նոր հետաքննություն է սկսել ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնի դեմ նրա բարեգործական հիմնադրամի գործունեության պատճառով, հայտնում է Hill-ը:

Պարբերականի տեղեկություններով՝ ՀԴԲ-ն հետաքննում է արդյոք Clinton Foundation-ը օրենքները խախտել է այն ժամանակահատվածում, երբ Քլինթոնը ԱՄՆ պետքարտուղարն էր: Քննիչները պետք է պարզեն՝ արդյոք բարեգործական հիմնադրամի «դոնորները» պետության կողմից օգնություն ստացել են նվիրատվություն կատարելուց հետո, ինչպես նաեւ պատասխանեն այն հարցին, թե արդյոք կազմակերպությունը գործել է հարկային օրենսդրությանը համապատասխան:

Հիլարի Քլինթոնի եւ բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները իրավիճակը դեռեւս չեն մեկնաբանել:

Ավելի վաղ ՀԴԲ աշխատակիցները կատարել են Clinton Foundation-ի գործունեության հետաքննություն՝ փորձելով պարզել, թե արդյոք բարեգործական հիմնադրամը գործել է «փող ծառայության դիմաց» սխեմայով, եւ արդյոք դրա հետ Քլինթոնը կապ ունեցել է, երբ ԱՄՆ պետքարտուղար է աշխատել:

Քլինթոնի դեմ հետաքննության դադարեցման, ապա վերաբացելու եւ կրկին դադարեցնելու նորությունները մեծ ազդեցություն են ունեցել Քլինթոնի հեղինակության վրա 2016 թվականի նախագահական ընտրությունների նախաշեմին, որի ընթացքում նախկին պետքարտուղարը պարտվել էր Դոնալդ Թրամփին: