Չինաստանի իշխանությունները ողջունում են Հյուսիսային Կորեայի եւ Հարավային Կորեայի միջեւ բանակցությունների վերականգնումը եւ այս գործընթացին աջակցելու պատրաստակամություն հայտնում: Հունվարի 5-ին այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հեն Շուանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք ուշադրություն ենք դարձրել Կորեական թերակղզու իրավիճակում վերջին փոփոխություններին: Նախկինում ես բազմիցս շարադրել եմ այս հարցում Պեկինի դիրքորոշումը. չինական կողմը նման դրական քայլերը ողջունում է եւ հանդես գալիս դրանց աջակցությամբ՝ ուղղված միջկորեական հարաբերությունների կարգավորմանը»,- նշել է դիվանագետը՝ պատասխանելով լրագրողների հարցին:
Նա հույս է հայտնել, որ միջազգային հանրությունը Փհենյանի եւ Սեուլի մերձեցման գործընթացի վրա դրական ազդեցություն կունենա, միջոցառումներ կձեռնարկի, որոնք կօգնեն բարելավել նրանց երկկողմ շփումները:
Հարավայի Կորեան եւ Հյուսիսային Կորեան հունվարի 3-ին վերականգնել են համատեղ սահմանին գտնվող Փհանմունջոն գյուղում հատուկ կապի գիծը: Սպասվում է, որ 2 երկրները կքննարկեն հարավկորեական Փհյոնչհան քաղաքում անցկացվելիք առաջիկա ձմեռային Օլիմպիական խաղերին հյուսիսկորեական հավաքականի մասնակցության հեռանկարները:
Ավելի վաղ Սեուլը Փհենյանին առաջարկել էր 2015 թվականի դեկտեմբերից ի վեր առաջին անգամ հունվարի 9-ին բարձր մակարդակով բանակցություններ վարել: Ինչպես հայտնել էին Հարավային Կորեայի Միավորման նախարարությունից, հիմնական թեման «կլինի միջկորեական հարաբերությունների բարելավմանն ուղղված գործնական քայլերը»:




























