Միացյալ Նահանգները կվերսկսի ֆինանսական աջակցության տրամադրումը Պակիստանին այն դեպքում, եթե երկրի իշխանությունները կատարեն Միացյալ Նահանգների պայմանները: Այս մասին Պենտագոնում ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հայտնել է պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք կշարունակենք համագործակցել Պակիստանի հետ եւ վերականգնել օգնությունը, եթե տեսնենք Իսլամաբադի վճռական գործողություններն ուղղված ահաբեկիչների դեմ, որոնք լուրջ վտանգ են ներկայացնում ինչպես մեզ, այնպես էլ Պակիստանի համար»,- ասել է Մեթիսը:

Պենտագոնի ռազմական համագործակցության վարչության ներկայացուցիչ Պատրիկ Էվանսը նախօրեին հայտարարել է, որ ԱՄՆ-ն սառեցրել է Պակիստանում հակաահաբեկչական գործողությունների իրականացման համար նախատեսված առնվազն 900 մլն դոլարը։ Էվանսի խոսքով՝ այս որոշումը վերաբերում է Պակիստանին տրամադրվող ֆինանսական օգնության երկու ոլորտներին` Պենտագոնի գծով կոալիցիոն օգնության ֆոնդից տրամդրվող միջոցներին, որով ԱՄՆ գլխավորությամբ տարբեր ծայրահեղական խմբավորումների դեմ պայքար է մղում, եւ պետդեպարտամենտի գծով, որը վերահսկում է այլ պետություններին տրամադրվող ռազմական օգնությունը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհել էր այն  բանից, թե ինչպես է Իսլամաբադը հակասում ծայրահեղականներին՝ ասելով, որ Միացյալ Նահանգները ապարդյուն է անցած 15 տարիների ընթացքում Պակիստանին տրամադրել  33 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցություն:

Պետք է նշել նաեւ, որ ԱՄՆ վարչակազմը սառեցրել է 125 մլն դոլարը օգնությունը, որը պետք է ուղղվեր ՄԱԿ-ի մերձավորարեւելյան գործակալությանը պաղեստինյան փախստականներին օգնություն տրամադրելու եւ կազմակերպության աշխատանքը ֆինանսավորելու համար։  Այս մասին հայտնում է Axion տեղեկատվական պորտալը՝ վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները: Հաղորդվում է, որ այդ գումարը ՄԱԿ-ի մերձավորարեւելյան գործակալությանը տարեկան փոխանցվող միջոցների մեկ երրորդ մասն է կազմում: