Կորեայի Հանրապետության եւ ԱՄՆ-ի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներ Սոն Յոն Մուն եւ Ջեյմս Մաթիսը հեռախոսով քննարկել են Կորեական թերակղզում տիրող իրավիճակը եւ թերակղզու ապամիջուկայնացմանը հասնելու շուրջ համագործակցության հարցեր, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի ազգային պաշտպանության նախարարությանը:
«Սոն Յոն Մուն ընդգծել է Հարավային Կորեայի կառավարության դիրքորոշումը Հյուսիսային Կորեայի միջուկային խնդրի խաղաղ կարգավորման շուրջ՝ համապարփակ եւ պլանավորված ճնշման եւ երկխոսության միջոցով ԱՄՆ-ի հետ սերտ համագործակցությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Պենտագոնի ղեկավարը, իր հերթին, հաստատել է Կորեայի Հանրապետության անվտանգությունն ապահովելու՝ իր խոստումը, այդ թվում՝ ընդլայնված զսպման միջոցների տրամադրումը: Նա նաեւ համաձայնել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի դիրքորոշման հետ՝ կապված Հյուսիսային Կորեայի հետ խնդիրների խաղաղ կարգավորման կարեւորության շուրջ։
Մաթիսը շեշտել է Փհենյանի նկատմամբ պատժամիջոցային ճնշումը շարունակելու անհրաժեշտությունը՝ նրան վեցակողմ բանակցությունների սեղանին վերադարձնելու նպատակով:




























