Ֆլորիդա նահանգում անցկացված ամենամյա «Միավորված դրամագետներ» համաժողովում 1879 թվականի հազվագյուտ ոսկյա մետաղադրամը 750 հազար դոլարով վաճառվել է:
Associated Press-ը (AP) հաղորդում է, որ պահպանվել են 4 դոլար անվանական գնով 15-20 այդպիսի մետաղադրամներ: Դրանք հայտնի են «Արձակված մազերով Ստելա» անվանումով դրամագետների շրջանում եւ նախատեսված են եղել այլ փոխարժեքներով փոխանակման համար:
«Դա փորձնական էր, - AP-ն մեջբերում է Heritage Auction աճուրդի տան դրամագետ Մարկ Բորկարդի կարծիքը,- ԱՄՆ կառավարությունը թողարկել է այս մետաղադրամները հույս ունենալով, որ դրանք կդառնան հաշիվների միջազգային միջոց»:
Սակայն հետագայում 6 գրամ ոսկի, 0,3 գրամ արծաթ եւ 0,7 գրամ պղինձ պարունակող այս ոսկիների թողարկումը դադարեցվել է:
Աճուրդին մասնակցած մեկ այլ հազվագյուտ մետաղադրամը 1 ցենտի անվանական արժեքով պղնձե մետաղադրամն էր, որի վրա պատկերված էր արձակված մազերով կնոջ պրոֆիլը՝ «Ազատություն. 1793» մակագրությամբ:




























