Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է Հարավային Կորեայի հետ հարաբերությունների բարելավման համար պայմանների ստեղծման անհրաժեշտության մասին, հայտնում է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը:

«Հյուսիսը եւ Հարավը չպետք է կապված լինեն անցյալով: Անհրաժեշտ է բարելավել Հյուսիսի եւ Հարավի հարաբերությունները եւ միավորման գործում ճեղքում կատարել»,- նշված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ խոսքը ոչ միայն Փհենյանի եւ Սեուլի հարաբերությունների կարգավորման մասին է, այլեւ ազգի հաշտեցման եւ վերամիավորման:

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ այս ուղղությամբ արդյունքներ կարող են գրանցվել միայն 2 կողմի ջանքերի դեպքում: Միեւնույն ժամանակ, Կիմ Չեն Ընի կարծիքով, 2 երկրի հաշտեցումը կորեացիների ներքին հարցն է, ուստի Փհենյանն ու Սեուլը չպետք է այլ պետությունների օգնությանը դիմեն:

Ավելի վաղ Հարավային Կորեայի եւ Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչները երկար տարիներ հետո առաջին անգամ կապի հատուկ խողովակով քննարկել են երկկողմ հարաբերությունները, այդ թվում՝ Փհենչհանում կայանալիք Օլիմպիական խաղերին հյուսիսկորեացի մարզիկների մասնակցության հնարավորության հարցը: