Թուրքերն անընդհատ հայտարարում են Սիրիայի քրդական անկլավներ զորք մտցնելու ցանկության մասին, որոնք ընդամենը չորս են: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի գիտաշխատող, քաղաքագետ, թուրքագետ Վիկտոր Նադեին Ռաեւսկին:
Նրա խոսքով՝ Անկարան դեռեւս սահմանափակվում է այդ անկլավներն հրթիռակոծելով եւ առաջ շարժվել չի համարձակվում: «Բայց նրանք անընդհատ հայտարարում են Սիրիայի հյուսիս-արեւմուտք՝ Աֆրին զորքերը մտցնելու իրենց ցանկության մասին։ Այժմ այնտեղ է գտնվում ռուսական ռազմական ոստիկանությունը, որը վերահսկում է հրադադարի որոշման կատարումը»,-պարզաբանել է փորձագետը` հավելելով, որ ամեն անգամ պետք է հակահարված տալ թուրքերին՝ ճնշելով նրանց արկածները։ Սակայն այդ արկածներից Անկարան դեռեւս ամբողջությամբ չի հրաժարվել։
Միեւնույն ժամանակ, թուրքագետը նշել է, որ Անկարան ինչպես միշտ գործելու է այնպես, ինչպես իրեն շահավետ է: «Ճիշտ է, նրանք լավ հասկանում են, որ այնտեղ կարող են բախվել ռուսական ռազմական ուժերին», - ավելացրել է քաղաքագետը: Վիկտոր ՆադեինՌաեւսկին համոզմունք է հայտնել, որ եթե թուրքերին հաջողվի զբաղեցնել Սիրիայի ինչ-որ շրջաններ, ապա նրանք անպայման այնտեղ զտումներ կիրականացնեն։




























