ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր օրը սկսում է ավելի ուշ, քան նախագահության առաջին օրերին, ավելի քիչ հանդիպումներ է անցկացնում, ավելի շատ ժամանակ հատկացնում է հեռուստացույց դիտելուն, թվիթերյան էջում հրապարակումներ անելուն եւ հեռախոսազանգեր կատարելուն, հայտնում է Axios պորտալը` վկայակոչելով իր աղբյուրները եւ հրապարակման տրամադրության տակ հայտնված նախագահի օրվա ժամանակացույցը:
Փաստաթղթի համաձայն՝ Թրամփը սովորաբար օրը սկսում է առավոտյան ժամը 11-ին ազգային անվտանգության եւ հետախուզության հարցերի շուրջ ճեպազրույցով։ Մինչ այդ, ժամը 8-ից 11-ը, ըստ ժամանակացույցի, հատկացվում է Օվալաձեւ կաբինետում «վարչական հարցերի լուծմանը»։ Այս ժամանակահատվածում, պորտալի տվյալներով, Թրամփը, որպես կանոն, գտնվում է իր նստավայրում, հեռուստացույց է դիտում, հեռախոսազանգեր է կատարում եւ հրապարակումներ կատարում իր թվիթերյան էջում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Օվալաձեւ կաբինետում Թրամփն աշխատում է մինչեւ ժամը 18:00-ն: Այդ ժամանակ նա մեկ կամ երկու հանդիպում է անցկացնում, սակայն հիմնականում հեռախոսազանգեր է կատարում կամ լրատվական հաղորդումներ դիտում ճաշասենյակում, որը գտնվում է նախագահի կաբինետի կողքին: Օրվա ավարտից հետո Թրամփը վերադառնում է Սպիտակ տան բնակելի հատված, որտեղ նա կրկին հեռուստացույց է դիտում կամ հեռախոսազանգեր կատարում:
Պորտալը նշում է, որ նախագահության սկզբնական օրերին Թրամփը վաղ էր սկսում աշխատանքը եւ ուշ ավարտում: Նա հանդիպումներ էր ունենում նախաճաշի ժամանակ, հետախուզության հարցերով ճեպազրույցներն ավարտվում էին մոտավորապես ժամը 10.30-ին:
ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Սառա Սանդերսը, մեկնաբանելով այս տեղեկությունը, հայտարարել է, որ առավոտյան նախագահը իր ժամանակն անցկացնում է ինչպես նստավայրում, այնպես էլ Օվալաձեւ կաբինետում։ «Այդ ժամանակ նա անընդհատ զանգահարում է աշխատակիցներին, կոնգրեսականներին, նախարարներին եւ օտարերկրյա ղեկավարներին»,-նշել է նա:




























