Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միություն/Քրիստոնեա-սոցիալական միություն (ՔԴՄ/ՔՍՄ)  պահպանողական դաշինքի եւ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության  (ԳՍԴԿ)  միջեւ  նախնական բանակցություններն ընթանում են կառուցողական մթնոլորտում։ Այս մասին հայտնել է ԳՍԴԿ առաջնորդ Մարտին Շուլցը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Երեկ այն ընթացավ կառուցողական մթնոլորտում։ Հուսով ենք, որ այսօր ամեն ինչ կշարունակվի նույն ոգով»,-ասել է նա:

 Նրա խոսքով՝ այսօրվա խորհրդակցությունները նվիրված կլինեն եվրոպական քաղաքականությանը: «Հուսով եմ, որ մենք կհասնենք արդյունքի, որը Գերմանիային թույլ կտա դառնալ Եվրամիության շարժիչը»,-ավելացրել է Շուլցը:

Սոցիալ-դեմոկրատների եւ պահպանողականների միջեւ նախնական բանակցությունները մեկնարկել են կիրակի: Ժամանակացույցի համաձայն՝ բանակցությունները կշարունակվեն հինգ օր եւ կավարտվեն հունվարի 12-ի գիշերը: Ուրբաթ օրը կողմերը մտադիր են  եզրափակիչ  հայտարարություն ընդունել։

Գերմանիայում խորհրդարանական ընտրությունները անցկացվել են 2017 թվականի սեպտեմբերի 24-ին։ ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը ստացել է ձայների 32,9 տոկոսը, իսկ ԳՍԴԿ-ն  իր պատմության մեջ  ամենավատ արդյունքն է դրսեւորել՝  հավաքելով ընդամենը ձայների 20 տոկոսը։ «Գերմանիայի համար այլընտրանք» աջ կուսակցությունը հավաքել է  ձայների 12.6 տոկոսը, Ազատ դեմոկրատական կուսակցությունը՝ 10.7 տոկոսը, կանաչները՝ 8.9 տոկոսը, իսկ ձախ կուսակցությունը` 9.2 տոկոսը:

Գերմանիայի նոր կառավարությունը դեռ չի ձեւավորվել։ Սկզբում պահպանողականնները բանակցություններ էին վարում կանաչների ու լիբերալների հետ, բայց այդ բանակցությունները փակուղի էին մտել։ Դրանից հետո որոշում էր կայացվել բանակցությունների մեջ մտել ԳՍԴԿ-ի հետ։