Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադել ալ Ջուբեյրը անցյալ տարվա դեկտեմբերին Սիրիայի ընդդիմությանը խորհուրդ է տվել իրենց ջանքերի առանցքը ռեժիմի հետ ռազմական դիմակայությունից վերաուղղորդել նրա հետ քաղաքական համաձայնությունների հասնելուն, հայտնում է Foreign Policy պարբերականը:
Պարբերականը հայտնում է, որ սաուդցի դիվանագետը Սիրիայի ընդդիմադիր խմբավորումների առաջնորդների հետ հանդիպմանն առաջարկել է հունվարի 29-30-ին Սոչիում կայանալիք առաջիկա Ազգային երկխոսության կոնգրեսում համաձայնության գալ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարության հետ: Նրա կարծիքով՝ սա ընդդիմադիրներին որոշակի առավելություն կտա ռեժիմի հետ Սիրիայի քաղաքական անցման մասին համաձայնագիր կնքելիս:
Նախարարը նաեւ զգուշացրել է, որ Էր Ռիադը մտադիր է կրճատել ընդդիմությանը ռազմական աջակցության ցուցաբերումը:
Պարբերականը հայտնում է, որ ընդդիմությունն «արդեն կորցրել է ԱՄՆ կողմից գաղտնի ռազմական աջակցությունը»:
«Իսկ ավելի կարեւորն այն է, որ Սաուդյան Արաբիայի դիրքորոշմամբ ընդգծվում է ռուսական դիվանագիտության հաջողությունը Սիրիայի հետպատերազմական ապագայի որոշման հարցում, որը հաջողությամբ մրցակցում է ՄԱԿ հովանու ներքո անցկացվող ժնեւյան 5-ամյա պաշտոնական գործընթացի հետ»,- նշված է հոդվածում:
Հոդվածի հեղինակը նաեւ մեջբերում է ՄԱԿ ԱԽ անդամ երկրներից մեկի դիվանագետների շրջանում իր աղբյուրի հայտարարությունը, որը նշել է ԱՄՆ-ի սիրիական ռազմավարության սխալի մասին:
«Սիրիան այն բանի օրինակն է, որ ամերիկյան դիվանագիտությունը կենտրոնացված չէ: Միացյալ Նահանգներն այս հարցում Ռուսաստանին պարտվել է»,- ասել է նա:
Foreign Policy-ն մեջբերել է նաեւ ԻԼԻՊ-ի դեմ միջազգային կոալիցիայում ԱՄՆ նախկին ներկայացուցիչ, գեներալ Ջոն Ալլենի խոսքը, ով կարծում է, որ չնայած ԱՄՆ-ն կցանկանար հետպատերազմական Սիրիայում ավելի լուրջ դերակատարում ունենալ, այս հարցում անկազմակերպվածությունը նման հնարավորությունից նրան զրկել է:
«Քաղաքական հետագիծը զգալի չափով ռուսներն են ուղղորդում: Ցավոք, հիմա ԱՄՆ-ն քիչ հնարավորություններ ունի, որպեսզի այս գործընթացն առաջնորդի կամ նույնիսկ մասնակցի»,- ասել է գեներալը:




























