Վարշավան հույս ունի թուլացնել ԵՄ-ի հետ լարվածությունը երկխոսության միջոցով։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի նորանշանակ վարչապետ Մաթեուշ Մորավեցկին Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է Reuters-ը:
Նրա խոսքով՝ լրացուցիչ ջանքերի դեպքում հնարավոր է պարզել բոլոր թյուրըմբռնումները: Սակայն նա հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդյոք Լեհաստանը զիջումների կգնա դատավարական բարեփոխումների հարցում, որոնք հանդիսանում են Վարշավայի եւ Բրյուսելի միջեւ լարվածության պատճառը:
Իշխող Լեհաստանի իրավունք եւ արդարություն կուսակցությունը պնդում է նշված բարեփոխման շուրջ, քանի որ գտնում է, որ երկիրը կորցրել է իր կաթոլիկ արմատները եւ խրվել է հետխորհրդային կոմունիստական մտածելակերպի մեջ: Լեհաստանի կառավարության հակառակորդները կարծում են, որ դատարանների եւ մեդիայի նկատմամբ վերահսկողության ուժեղացումը երկիրում կհանգեցնի ավտորիտարիզմի:
Հունվարի 10-ին հանդես գալով օտարերկրյա լրատվամիջոցների առաջ՝ Մորավեցկին ասել է, որ Վարշավան ցանկանում է կառուցողական դեր խաղալ ԵՄ-ի ապագայի վերաբերյալ բանակցություններում:
Լեհաստանի կառավարությունում նախօրեին տեղի էին ունեցել կադրային փոփոխություններ, մասնավորապես, աշխատանքից ազատվել են ամենից հաճախ քննադատված նախարարները: Դրանց թվում են նաեւ պաշտպանության նախարարը եւ արտաքին գործերի նախարարը:
Որոշ վերլուծաբաններ նշում են, որ այս քայլը նպատակ ունի բարելավել կուսակցության հեղինակությունն երկրի ներսում եւ երկրի սահմաններից դուրս։




























